Կրկնակտցար
Կրկնակտցար
Կրկնակտցար
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգՔարադրանմաններ (Charadriiformes)
ԸնտանիքՄորակտցարներ (Scolopacidae)
ՑեղGallinago
ՏեսակԿրկնակտցար (G. media)
Միջազգային անվանում
Gallinago media
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կրկնակտցար (լատին․՝ Gallinago media), մորակտցարների ընտանիքին պատկանող չվող-ձմեռող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարություն 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 47-50 սմ, կենդանի զանգվածը՝ 135-210 գ։ Մարմինը գեր է, կտուցը՝ երկար։ Պոչի եզրային փետուրները սպիտակ մեծ հատվածով են։ Մարմինը վերևից դարչնավուն է, փետուրները՝ սևավուն շերտերով և բաց գույնի երիզված։ Թևավերևի ծածկողների ծայրերը ջինջ սպիտակ են։ Մարմինը ներքևից աղոտ սպիտակ է, իսկ մարմնի ու փորի կողքերն ունեն խոշոր և մուգ դարչնագույն զոլեր։ Հետբնադրման շրջանում փետրավորումը թվացյալ ավելի մութ ու խամրած է։

Կենսակերպ խմբագրել

Վտանգի պահին թռիչքը բեկբեկուն չէ, ուղիղ գծով թռչում է կարճ տարածություններ՝ թևերի խորը, դանդաղ թափահարումներով, վայրէջք է կատարում՝ անսպասելիորեն թաքստոցի մեջ ընկնելով։ Գետնի վրա չափազանց աննկատ է։ Բնակվում է գետերի, լճերի, ջրամբարների խոնավ ափերին և խոտածածկ թաց մարգագետիններում։ Գարնանային չուն դեպի հյուսիս է ապրիլի երկրորդ կեսից մինչև հունիս։ Հայաստանում միակ թռչունն է, որի որսը սահմանված է գարնանը։ Սակայն դա շատ սխալ է, որովհետև գարնանը թռչունի սեռական օրգանները գերհասունացած են, և նա շարժվում է դեպի հարազատ բնադրավայրեր՝ բազմանալու համար։ Աշխարհի բազմաթիվ երկիրներում սխալը շտկվել է, և գարնանային որսն արգելվում է։

Սննդառություն խմբագրել

Սնվում է ջրային և ցամաքային անողնաշարավորներով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Սկանդինավյան երկրներում, Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Հարավային Կովկասում։ Ձմեռում է Հարավային Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա և Արփի լճերի ավազաններում, Արարատյան հարթավայրում, արհեստական ջրամբարների ափամերձ տարածքներում և Լոռվա մարզում[1]։

Պահպանություն խմբագրել

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել թվաքանակը և դրա փոփոխման միտումները բացահայտելու համար։

Սպառնացող վտանգներից է չուի շրջանում որսագողությունը։

Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկնակտցար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրկնակտցար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։