Կոմեդիա դել'արտե

Կոմեդիա դել'արտե (իտալ.՝ Commedia dell'arte), դիմակների կատակերգություն, իտալական ուշ միջնադարյան ժողովրդական թատրոն, բնույթով ստեղծաբանական (բանավոր-իմպրովիզացիոն) արվեստ, որի ակունքները վաղ միջնադարի առաջավոր ասիական և դասական միջնադարի եվրոպական ժողովրդական աշխարհիկ թատրոնի ընդերքում են[1]։ Տարբեր աղբյուրներում հիշատակվում է նաև որպես «la commedia a soggetto» (սցենարային թատրոն), «la commedia all 'improvviso» (իմպրովիզացիայի թատրոն) կամ «la commedia degli zanni» (կոմեդիա ձաննի

«Կոմեդիա դել'արտեի թատերախումբը Թաուն Սքուերում», նկարիչ՝ Յան Միլ, 1640

Թատրոնը գոյատևել է 16-րդ դարի կեսից մինչև 18-րդ դարի վերջը՝ զգալի ազդեցություն թողնելով արևմտաեվրոպական դրամատիկական թատրոնի հետագա զարգացման վրա։ Դիմակներով կատակերգություններ խաղացող թատերախմբերը առաջին պրոֆեսիոնալ թատերախմբերն էին Եվրոպայում, որտեղ դրվեցին դերասանական վարպետության հիմքերը (կոմեդիա դել'արտե կամ արհեստական թատրոն եզրը մատնանշում է թատերական խաղում դերասանների կատարելիությունը) և որտեղ առաջին անգամ ի հայտ եկան ռեժիսորական տարրեր (այս գործառույթը կատարում էր թատերախմբի առաջատար դերասանը, որը կոչվում էր կապոկոմիկո)։

19-րդ դարում կոմեդիա դել'արտեն սպառում է իրեն, սակայն շարունակվում է մնջախաղում և մելոդրամայում։ 20-րդ դարում կատակերգությունը Մեյերխոլդի և Վախթանգովի, ինչպես նաև ֆրանսիացի Ժակ Կոպոյի և Ժան Լուի Բառոյի սինթետիկ թատրոնի համար մոդել էր, որը վերածնում էր բեմական ժեստի և իմպրովիզացիայի արտահայտչականությունը և մեծ նշանակություն էր տալիս անսամբլեային խաղին։

«Tipi fissi» սկզբունքը, որտեղ նույն կերպարները (դիմակները) մասնակցում են տարբեր բովանդակություն ունեցող սցենարներում, այսօր լայնորեն օգտագործվում է կատակերգական հեռուստասերիալների ստեղծման մեջ, իսկ իմպրովիզացիայի արվեստը՝ «stand-up comedy»-ում։

Ծագում խմբագրել

Հին հռոմեական թատրոնում գոյություն ուներ ժողովրդական ներկայացման մի տեսակ, որը կոչվում էր ատելանա։ Դրանք անբարո ֆարսեր էին, սկզբում՝ իմպրովիզացիոն, որոնց դերասանները նույնպես դիմակներ էին կրում․ կերպարներից որոշները դիմակի բնավորությամբ նման էին կոմեդիա դել'արտեի կերպարներին (օրինակ՝ Պապուսի հռոմեական դիմակը և Պանտալոնեի իտալական դիմակը), թեև ատելանաների մասին խոսել որպես կոմեդիա դել'արտեի նախակարապետներ, իրավաչափ չէ․ նրանց միջև ավելի քան 12 դարի տարբերություն կա։ Ամենայն հավանականությամբ խոսքը միայն հանգամանքների նմանության մասին է, որոնցում ծնվել են թատրոնների այդ տեսակները։

Կոմեդիա դել'արտեն ծնվել է կառնավալային տոնախմբություններից։ Թատրոն դեռ չկար, սակայն կային խեղկատակներ, միմոսներ, դիմակներ։ Մյուս գործոնն ազգային իտալական դրամատուրգիայի ծնունդն էր։ Նոր պիեսները գրում էին Լուդովիկո Արիոստոն, Նիկոլո Մաքիավելին, Ֆերդինանդո Բիբիենան, Պիետրո Արետինոն, սակայն այդ բոլոր ստեղծագործությունները պիտանի չեն բեմի համար, գերհագեցած են կերպարներով և սյուժետային գծերի առատությամբ։ Այս դրամատուրգիան ստացավ «կոմեդիա էրուդիտա» անվանումը (իտալ.՝ Commedia erudita

Անջելո Բեոլկոն (Ռուձանտե) 16-րդ դարի առաջին կեսին, օգտվելով «կոմեդիա էրուդիտա»-ի տեխնիկայից, պիեսներ էր գրում Վենետիկի կառնավալների համար։ Խառը սյուժեներն ուղեկցվում էին հնարքներով և գյուղական առողջ հումորով։ Բեոլկոյի շուրջ աստիճանաբար հավաքվեց ոչ մեծ թատերախումբ, որտեղ նշանավորվեց «tipi fissi» սկզբունքը և հաստատվեց թատերական բեմահարթակներում ժողովրդական բարբառը։ Վերջապես, Բեոլկոն դրամատիկական գործողության մեջ ներմուծեց պարն ու երաժշտությունը։ Սա դեռևս կոմեդիա դել'արտե չէր․ Բեոլկոյի թատերախումբն աշխատում էր հանձնարարված սյուժեի շրջանակներում, այն չուներ ազատ խաղ և իմպրովիզացիա, սակայն կոմեդիա ծնվելու ճանապարհը բաց էր։ Դիմակների թատրոնի մասին առաջին հիշատակումը եղել է 1555 թվականին[2]։

Կոմեդիա դել'արտեի հիմնական կերպարներ խմբագրել

Կոմեդիա դել'արտեում շատ են դիմակները (ընդհանուր առմամբ հաշվվում է ավելի քան հարյուր), սակայն դրանցից շատերը մոտ կերպարներ են, որոնք տարբերվում են միայն անուններով և աննշան մանրուքներով։ Կոմեդիայի հիմնական կերպարների թվին են պատկանում տղամարդու 8 դիմակ, Կապիտանի դիմակը, ինչպես նաև դիմակ չկրող կերպարները՝ աղջիկ ձաննիները, Սիրահարները և բոլոր ազնվական կանայք և տղամարդիկ[3]։

Տղամարդու կերպարներ խմբագրել

  • Հյուսիսային (Վենետիկյան) դիմակներ՝
  • Պանտալոնե (Մանիֆիկո, Կասանդրո, Ուբերտո) ֊ Վենետիկյան վաճառական և ժլատ ծերուկ
  • Դոկտոր (Դոկտոր Բալանձոնե, Դոկտոր Գրացիանո) ֊ իրավունքի պսևդոգիտնական, դոկտոր և ծերուկ
  • Բրիգելլա (Սկապինո, Բուֆետտո) ֊ առաջին ձաննի և խելացի ծառա
  • Առլեկին (Մեցետինո, Տրուֆալդինո, Տաբարինո) ֊ երկրորդ ձաննի և հիմար ծառա
  • Հարավային (նեապոլիտանական) դիմակներ՝
  • Կապիտան ֊ պարծենկոտ ռազմիկ, վախկոտ և Սակարամուչիի հյուսիսային նմանօրինակ
  • Լելիո (նաև Օրացիո, Լյուցիո, Ֆլավիո և այլն) ֊ երիտասարդ սիրահարներ

Կանացի կերպարներ խմբագրել

  • Իզաբելլա (նաև Լուչինդա, Վիտորիա և այլն) - երիտասարդ սիրահարներ։ Կերպարն անվանվել է դերասանուհի Իզաբելլա Անդրեինիի պատվին (1562֊1604)։ Հաճախ հերոսուհուն կոչում էին այն դերասանուհու անունով, որը խաղում էր այդ դերը
  • Կոլոմբինա, Ֆանտեսկա, Ֆյամետա, Սմերալդինա և այլն - աղախիններ

Կոմեդիա դել'արտեի բաղկացուցիչներ խմբագրել

Դիմակներ խմբագրել

Կաշվե դիմակը (իտալ.՝ maschera) պարտադիր բաղադրիչ էր, որը ծածկում էր կատակերգակի դեմքը և ի սկզբանե հասկացվում էր միայն այդ իմաստով։ Սակայն ժամանակին զուգընթաց դիմակ սկսեցին անվանել ամբողջ կերպարին։ Դերասանը, որպես կանոն, խաղում էր միևնույն դիմակը։ Բրիգելլա խաղացող դերասանը հազվադեպ էր խաղում Պանտալոնե և հակառակը։ Սցենարները հաճախ էին փոխվում, իսկ դիմակները՝ զգալիորեն հազվադեպ։ Դիմակը դառնում էր դերասանի կերպարը, որն ընտրել էր իր կարիերայի սկզբում և այն խաղալով ամբողջ կյանքում՝ լրացնում էր իր արտիստիկ անհատականությամբ։ Անհրաժեշտ չէր, որ նա իր դերն իմանա, բավական էր, որ սցենարը՝ սյուժեն ու առաջարկվող հանգամանքներն իմանա։ Մնացածը ստեղծվում էր ներկայացման գործընթացում՝ իմպրովիզացիայի միջոցով։

Թատերախմբի կառուցվածք և ներկայացման կանոն խմբագրել

Առլեկին, գող, Պիեռո և դատավոր

Կոմեդիա դել'արտեի բեմարվեստի համակարգը ձևավորվել է 16-րդ դարի վերջին և կատարելագործվել հաջորդ հարյուրամյակի ընթացքում։ 1699 թվականին Նեապոլում հրատարակվեց կոմեդիայի լիարժեք կոդեքս՝ «Dell’arte representiva, premediata e all’improviso», որը կազմել է Անդրեա Պերուչին։

Ներկայացումը սկսվում և ավարտվում էր բոլոր դերասանների շքերթով, որն ուղկցվում էր երաժշտությամբ, պարերով, լացցիներով (բուֆոնադային հնարքներով) և հիմարություններով, կազմված էր 3 արարներից։ Արարների ընդմիջումներին կարճ ինտերմեդիաներ էին ներկայացվում։ Գործողությունը սահմանափակված էր ժամանակով (24-ժամյա կանոն)։ Սյուժեին սխեման ևս կանոնակարգված էր․ երիտասարդ սիրահարները, ում երջանկությանը խանգարում էին ծերերը, ճարպիկ ծառաների օգնությամբ հաղթահարում են բոլոր խոչընդոտները։ Թատերախմբում կար կապոկոմիկո, որը դերասանների հետ մշակում էր սցենարը, վերծանում լացցին և հոգ տանում անհրաժեշտ ռեկվիզիտի համար։ Սցենարն ընտրվում էր այն դիմակներին համապատասխան, որոնք որ կան թատերախմբում։ Դա նվազագույնը 4 դիմակ էր և սիրահարների զույգ։ Լավ թատերախումբը պետք է իր կազմում ունենար նաև 2 դերասանուհիներ, երգչուհի և պարուհի։ Թատերախմբում դերասանների քանակը հազվադեպ էր 9-ից պակաս, սակայն սովորաբար չէր գերազանցում նաև 12-ը։ Դեկորացիաների համար պահանջվում էր, որ առանձնացվեր փողոց, հրապարակ, խորքում՝ աջ և ձախ կողմից 2 տուն, որոնց միջև ձգվում էր ետևի բեմավարագույրը։

Սցենար և իմպրովիզացիա խմբագրել

Թափառական կատակերգուները, Ֆրանցիսկո Գոյա, 1793

Ներկայացման հիմքը կոմեդիա դել'արտեում սցենարն էր (կամ կանվան)՝ դրվագներով պատմող շատ հակիրճ սյուժեն՝ գործող անձանց մանրամասն նկարագրությամբ, բեմ դուրս գալու հերթականությամբ, դերասանների գործողություններով, հիմնական լացցիներով և ռեկվիզիտներով։ Սցենարների մեծամասնությունը ընթացիկ պատմվածքների և նովելների, կոմեդիաների փոփոխված տարբերակներն էին՝ վերցված առանձին թատերախմբի կարիքներին համապատասխան (դիմակների իր հավաքածուով) սցենարները հապճեպ խզբզած տեքստեր էին, որոնք ներկայացման ժամանակ կախում էին վարագույրից այն կողմ։ Սցենարը, որպես կանոն, կատակերգական բնույթ ուներ, սակայն այն կարող էր լինել և՛ ողբերգություն, և՛ տրագիկոմեդիա, և՛ պաստորալ (Ֆլամինիո Սկալայի սցենարների ժողովածուում, որոնք խաղում էր «Ջելոզի» թատերախումբը, կան ողբերգություններ․ հայտնի է նաև, որ ֆրանսիական պրովինցիաներով շրջագայող Մոլիեր-Դյուֆրենի թատերախումբը երբեմն ներկայացնում էր ողբերգություններ՝ թեև առանց առանձնակի հաջողության)[4]։

Այստեղ ուժի մեջ էր մտնում իտալացի կատակերգուների իմպրովիզացիայի արվեստը։ Իմպրովիզացիան հնարավորություն էր տալիս պիեսն ադապտացնել նոր հանդիսատեսին, քաղաքի նորություններին։ Բացի այդ, իմպրովիզացիոն ներկայացումն ավելի դժվար էր ենթարկել նախնական գրաքննության։ Իմպրովիզացիայի արվեստը կայանում էր ռեպլիկների հնարամիտ մատուցման մեջ՝ տեղին ժեստիկուլյացիայի հետ մեկտեղ և ամբողջ իմպրովիզացիան դեպի նախնական սցենարը տանելու կարողությամբ։ Հաջող իմպրովիզացիայի համար պահանջվում էր տեմպերամենտ, հստակ առոգանություն, արտասանության, ձայնի, շնչառության տիրապետում, անհրաժեշտ էր լավ հիշողություն, ուշադրություն և հնարամտություն, որոնք պահանջում էին ակնթարթային արձագանք, հարուստ երևակայություն, մարմնի գերազանց տիրապետում, ակրոբատիկ ճարպկություն, գլուխկոնծի տալու կարողություն. մնջաաղը՝ որպես մարմնի լեզու, հավասար էր խոսքին։ Բացի այդ, իրենց ամբողջ կյանքում միևնույն դերը խաղացող դերասանները, բեմական հնարքների, երգերի, ասացվածքների, աֆորիզմների և մենագրությունների էական փորձ էին ձեռք բերում և կարող էին ազատ կիրառել դրանք ամենատարբեր դրսևորումներով։ Միայն 18-րդ դարում դրամատուրգ Կառլո Գոլդոնին իտալական դրամատուրգիան սցենարից տարավ դեպի ամրագրված տեքստի․ նա «թաղեց» պահանջարկ չունեցող կոմեդիա դել'արտեն՝ վերջինիս անմահ հուշարձան կանգնեցնելով՝ «Երկու տերերի ծառան» պիեսի տեսքով[5]։

Բարբառներ խմբագրել

Բարբառը դիմակը բնութագրող անհրաժեշտ տարրերից մեկն էր։ Առաջին հերթին դա վերաբերվում էր զավեշտական և բուֆոնադային դիմակներին, քանի որ ազնվական դիմակները, տիկինները, պարոնայք և սիրահարները խոսում էին Իտալիայի գեղարվեստական լեզվով՝ հռոմեական արտասանությամբ Տոսկանիայի բարբառով։ Բարբառը լրացնում էր կերպարի բնութագիրը՝ մատնանշելով նրա ծագումը, ինչպես նաև հաղորդում էր իր զավեշտական էֆեկտը։

Բացի այդ, Իտալիայի յուրաքանչյուր մարզում ստեղծվում էր իր դիմակը՝ տեղի բարբառով (օրինակ՝ Ստենտերելլոյի ֆլորենցիական դիմակը)։ Այսպիսի դիմակները, որպես կանոն, հանրաճանաչ էին ոչ մեծ վայրերում, որտեղ տարածված էր այս կամ այն բարբառը և նրանց հանրաճանաչությունը դուրս չէր գալիս այդ սահմաններից[6]։

Հայտնի թատերախմբեր և դերասաններ խմբագրել

«Ջելոզի թատերախումբը», 1-րդ դարի վերջի ֆլամանդացի նկարիչ, Կառնավալե թանգարան

16-րդ դարի կեսերին նոր թատրոնի թատերախմբերը միաժամանակ մի քանի վայրերում հայտնվեցին, սակայն ճշգրիտ տվյալներ առանձին թատերախմբերի վերաբերյալ չեն պահպանվել, թեև հայտնի է, որ 1959 թվականին Ֆլորենցիայում հանդես էր գալիս մի թատերախումբ, որի կազմում մի քանի ձաննի, Պանտալոնե (դեռևս այն ժամանակ կոչվում էր մեսիր Բենեդետտի) և այլ դիմակներ կային։ Ավելի ուշ ի հայտ են գալիս վկայություններ 1565 թվականին Ֆեռարայում ներկայացումների մասին, 1566 թվականին՝ Մանտուայում, իսկ 1568 թվականին՝ Իտալիայի միանգամից մի քանի մարզերում ներկայացումների մասին։ Այդժամ էլ հիշատակվում է դերասանի առաջին անունը՝ Ալբերտո Նազելլի, որը հանդես էր գալիս Մանտուայում Ձան Գանասսի կեղծանվամբ և առաջին թատերախումբը, որը «Ջելոզի» անվամբ հանդես էր գալիս Միլանում և որը դարձավ 16-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանակալի թատերախմբերից մեկը։ Հայտնի էին նաև «Դեզիոզի», «Կոնֆիդենտի», «Ունիտի» (դուքս Մանտուանսկու թատերախումբը), «Աչեզի» (որը Ֆրանսիայում հանդես էր եկել Հենրի IV-ի և Մարիա Մեդիչիի պսակադրության տոնախմբությանը), «Ֆեդելե» թատերախմբերը։ 17-18-րդ դարերում թագավորական հովանու տակ Փարիզում գործում էր Իտալական կոմեդիայի թատրոն[7]։

  • «Ջելոզի» թատերախմբի անունն առաջին անգամ հնչել է 1568 թվականին, երբ այն հանդես եկավ Միլանում. կարգախոսն էր «Նրանց քաջությանը, փառքին և պատվին բոլորը կնախանձեն» (իտալ.՝ Virtù, fama ed honor ne fèr gelosi)[8]։ Թատերախմբի գլխավոր բնակատեղին Միլանն էր, սակայն ներկայացումներով հանդես է եկել Վենետիկում, Ֆլորենցիայում, Ջենովայում, Մանտուայում, Թուրինում։ Թատերախումբը երկու անգամ շրջագայել է Ֆրանսիայում, առաջին անգամ 1577 թվականին Հենրի III-ի հրավերով, որը նրանց ներկայացումները տեսել է Վենետիկում։ Թատերախմբի շատ դերասաններ պատկանում էին Իտալիայի ստեղծագործ և ազնվական էլիտային և թատերախմբի ցրվելուց հետո (1603 թվականից հետո) պահպանվել է սցենարների ժողովածուն, որը կազմել էր Ֆլամինիո Սկալան։ Թատերախմբում խաղում էին Ջուլիո Պասկուատին (Պանտալոնե), Սիմոնեդե Բոլոնիան (Ձաննի), Գաբրիելե դա Բոլոնիան (Ֆրանկատրիպպա), Ֆրանչեսկո Անդրեինին (Կապիտան), սիրահար տիկնանց խաղում էին Իզաբելլա Անդրեինին և Վիտորիա Պիիսիմին, իսկ սիրահար պարոններին՝ Օրացիո դի Պադուան և Ադրիանո Վալերինին Ֆրանչեսկո Անդրեինիի հետ միասին, որը կատարում էր կապոկոմիկոյի գործառույթներ։ Ենթադրվում է, որ հենց «Ջելոզի»-ն է սահմանել կոմեդիա դել'արտեի խաղային կանոնը և որոշել հիմնական դիմակների բնույթը[9]։
  • «Կոնֆիդենտի» (իտալ.՝ Confidenti, վստահներ) թատերախմբի մասին ամենավաղ տվյալները վերաբերում են 1574 թվականին։ Հայտնի են նրա ներկայացումների մասին Կրեմոնայում, Պավիայում, Միլանում, Պադուայում, Ֆեռարայում, Բոլոնիայում, ինչպես նաև շրջագայությունների մասին Ֆրանսիայում և Իսպանիայում։ Թատերախմբին հովանավորում էր դոն Ջովաննի Մեդիչին, որը լավ էր գլուխ հանում թատերական գործից։ Թատերախմբի լավագույն դերասաններն էին Ֆլամինիո Սկալան (Ֆլավիո), Օտտավիո Օնորատին (Մեցետինո), Ֆրանչեսկո Գաբրիտելլին (Սկապինո)։ Տարբեր տարիներին թատերախմբում խաղացել են նաև Վիտորիա Պիիսիմին և Իզաբելլա Անդրեինին, Ջովաննի Պելլեզինին (Պեդրոլինո), Տրիստանո Մարտինելլին (Առլեկին), Մարկանտոնիո Ռոմանիեզին (Պանտալոնե)[10]։

Կոմեդիա դել'արտեն արտասահմանում խմբագրել

Կոմեդիա դել'արտեի գոյություն ունենալու հենց սկզբից իտալական թատերախմբերը, Իտալիայի մարզերում շրջագայելու հետ մեկտեղ, հանդես էին գալիս նաև հարևան երկրներում։ Առաջին հերթին դրանք Ֆրանսիան ու Իսպանիան էին, քանի որ աշխարհագրորեն և լեզվով մոտ էին Իտալիային։ Թատերախումբը հասնում էր նաև մինչև Ավստրիա, Գերմանիա, Անգլիա, իսկ 18-րդ դարում հանդես են եկել նաև Ռուսաստանում։ Դերասաններին և կերպարներին իրենց ստեղծագործություններում հիշատակել են Լոպե դե Վեգան, Բրանտը, Բեն Ջոնսոնը և 17-18-րդ դարերի շատ ուրիշ դրամատուրգներ և պոետներ։

Կոմեդիա դել'արտեն Ֆրանսիայում խմբագրել

Տեսարան Սան Ժերմեն տոնավաճառում։

Հայտնի առաջին հյուրախաղերը Ֆրանսիայում հիշատակվել են 1571 թվականին, երբ թատերախմբի դերասան Ջան Գանասսին կես տարի ներկայացումներ էր բեմադրում Կառլոս IX-ի արքունիքում[11]։ Ոչ մի տեղ կոմեդիա դել'արտեի ազդեցությունն այդքան մեծ չէր, որքան Ֆրանսիայում։ Այնտեղ, որտեղ շատ ուժեղ էին ֆարսի ավանդույթները, որտեղ արդեն գրվել էր «Գարգանտյուա և Պանտագրյուել»-ը, էլիտան ազատ խոսում էր իտալերեն, իսկ գյուղացիներն ու քաղաքացիներն առանց դժվարության հասկանում էին, կոմեդիան կամ ինչպես սկսեցին այն անվանել, իմպրովիզացված կոմեդիան (ֆր.՝ comédie à l'impromptu)[12], ընդունվեց և զարգացավ տոնավաճառային թատրոնի տեսքով (ֆր.՝ théâtre de la foire)։ Ֆրանսիացի դերասանները հաճախ դիմակներ չէին կրում և միայն սպիտակեցնում էին երեսներն ալյուրով․ նույնիսկ Փարիզի Իտալական կոմեդիայի թատրոնի դերասանները, որոնք խաղում էին դասական կերպարներ, նախընտրում էին խաղալ առանց դիմակ։ Իտալական կոմեդիայի որոշ կերպարներ փոփոխության են ենթարկվել․ այսպես, Պուլչինելլան վերածվեց Պոլիշինելի, իսկ Պեդրոլինոն՝ Պիեռոյի։ Տոնավաճառային ներկայացումների սյուժեն պարզունակ էր՝ համեմատած իտալական ներկայացումների հետ և հաճախ էր կատարում բացարձակ ծառայողական գործառույթ՝ նախապատրաստում և միմյանց էր կապում ակրոբատների, լարախաղացների և պարողների բազում ելույթները, որոնցում քիչ իմպրովիզացիա կար։

Իտալական թատերախմբերը շրջագայում էին Ֆրանսիայում, և այդ ներկայացումները տեսել է երիտասարդ Մոլիերը։ Նրա տեսած դիմակներից և զավեշտալի իրավիճակներից շատերը տեղափոխվում էին պիեսներ, այդ թվում՝ ֆարսեր և կոմեդիաներ՝ «Սկապենի արարքները», «Բարբուլիեի խանդը», «Մտացածին հիվանդը»։

Կոմեդիա դել'արտեն Ռուսաստանում խմբագրել

Կ․ Սոմով «Առլեկինը և տիկինը»

Ռուսաստանում իտալական թատերախմբերն սկսեցին շրջագայել 1733 թվականից։ Այն հայտնի ժամանց դարձավ և արդեն 18-րդ դարի վերջին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի տներում սկսեցին պարբերաբար վենետիկյան կառնավալներ կազմակերպել՝ տարբեր զվարճալի և հրաշալի դիմակներով։ Պավել I կայսեր իշխանության գալուց հետո այդ կառնավալները դուրս եկան քաղաքացիների կյանքից, որը ժամանակային առումով համընկավ Իտալիայում կոմեդիա դել'արտեի անկման հետ։

Կոմեդիա դել'արտեի ժառանգության նկատմամբ հետաքրքրության նոր ալիքն սկսեց արդեն 20-րդ դարի սկզբին, երբ այն սկսեցին օգտագործել ռուս արտիստների և նկարիչների մի ամբողջ համաստեղություն։ 1906 թվականին Ալեքսանդր Բլոկը գրեց «Բալագանչիկ» դրաման, որտեղ ողբերգական քողի ներքո վերաիմաստավորեց կոմեդիայի դիմակները։ 1906 թվականին դրաման առաջին անգամ բեմադրեց Վսևոլոդ Մեյերխոլդը Վ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոն, որում ինքն էլ կատարեց Պիեռոյի դերը։ Նա տարվեց դիմակների թատրոնով և սկսեց դոկտոր Դապերտուտտո խաղալ՝ 1910 թվականին ներկայացնելով «Կոլոմբինայի շարֆը» հանրահայտ մնջախաղային ներկայացումը։ Իր փորձարկումների և կոմեդիա դել'արտեի դերասանների խաղի տեխնիկան խոր ուսումնասիրության հիման վրա՝ Մեյերխոլդն առաջարկեց կենսամեխանիկայի պրակտիկան, որն այժմ ֆիզիկական թատրոնի հիմքերից մեկն է համարվում։ Այնուհետև «էստաֆետան» վերցրեց ռեժիսոր Ալեքսանդր Թաիրովը («Պիերետայի ծածկոցը» ներկայացում, 1916)։ Գագաթնակետը դարձավ «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացումը՝ Գոցցիի պիեսի հիման վրա, որը 1922 թվականին բեմադրել էր Եվգենի Վախթանգովը Մոսկվայի գեղարվեստական թատրոնի երրորդ ստուդիայում և որը պահպանվել է թատրոնի խաղացանկում ավելի քան 80 տարի։

Այն ժամանակվա գեղանկարիչներից կոմեդիա դել'արտեին են դիմել Ալեքսանդր Յակովլևը, Կոնստանտին Սոմովը, Սերգեյ Սուդեյկինը և այլք։

Կոմեդիա դել'արտեի մեթոդներն ու դիմակներն օգտագործող դրամատուրգներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1979, էջ 534 — 720 էջ։
  2. Жоашен дю Белле, французский поэт, живший в Риме, писал: «… А вот и карнавал! Возьмём с собой подружек, / Пойдём гулять в толпу и в масках танцевать, / Пойдём смотреть, как Дзанни иль тот же Маркантоньо / С Манифико дурят венецианским…». Цит. по изд. Г. Н. Бояджиев. Вечно прекрасный театр эпохи Возрождения. — Л.: Искусство, 1973. — С. 56. — 472 с.
  3. А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 97—159. — 298 с.
  4. А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 176—181. — 298 с.. Искусствовед Н. В. Геташвили в статье «Театр и Живопись. Параллели крутого маршрута» упоминает, впрочем, о выступлении итальянской труппы под руководством Томазо Ристори уже в 1731 году.
  5. А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 163—168. — 298 с.
  6. А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 160—162. — 298 с.
  7. А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 86—92. — 298 с.
  8. Compagnia dei Gelosi (Italian theatrical troupe) — Britannica Online Encyclopedia
  9. А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 93. — 298 с.
  10. А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 94. — 298 с.
  11. А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство Академии наук СССР, 1954. — С. 203. — 298 с.
  12. Pierre-Louis Duchartre, Randolph T. Weaver The Italian Comedy: The Improvisation, Scenarios, Lives, Attributes. — Dover Publications, 1966. — С. 19. — 366 с. — ISBN 0486216799

Գրականություն խմբագրել

  • Maurice Sand. Masques et bouffons (comédie italienne). — Paris: Michel Lévy frères, 1860. — Т. 1. — 360 с.
  • Pierre-Louis Duchartre, Randolph T. Weaver. The Italian Comedy: The Improvisation, Scenarios, Lives, Attributes. — Dover Publications, 1966. — 366 с. — ISBN 0486216799
  • А. К. Дживелегов. Итальянская народная комедия. — М.: Издательство АН СССР, 1954. — 298 с.
  • Т. Я. Карская. Французский ярмарочный театр. — Л.: Искусство, 1948. — 232 с.
  • П. Пави. Словарь театра = Dictionaire du Théâtre. — М.: Прогресс, 1991. — 504 с. — ISBN 5010021064

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմեդիա դել'արտե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 534