Ծաղրասարյակ սպանելը (վեպ)

«Ծաղրասարյակ սպանելը» (անգլ.՝ To Kill a Mockingbird, վերնագրի՝ հայերեն այլ թարգմանությամբ «Սարյակ մի սպանիր ...»), ամերիկացի գրող Հարփըր Լիի վեպ։ Հրատարակվել է 1960 թվականին։ Այն միանգամից մեծ հաջողություն ունեցավ և 1961 թվականին արժանացավ Պուլիտցերյան մրցանակի։ Վեպը համարվում է ամերիկյան գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, ներառված է ամերիկյան դպրոցների կրթական ծրագրերում։ Սյուժեն և կերպարները հիմնված են հեղինակի ընտանիքի և նրա հարևանների կյանքի հիշատակումների վրա, ինչպես նաև այն իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 1936 թ.-ին նրա ծննդավայրում, երբ նա 10 տարեկան էր։

Ծաղրասարյակ սպանելը
անգլ.՝ To Kill a Mockingbird
ՀեղինակՀարփըր Լի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդաստիարակչական վեպ, Հարավային գոթիկա, social problem fiction? և գեղարվեստական գրականություն
Թեմառասիզմ
Բնօրինակ լեզուանգլերեն և ամերիկյան անգլերեն
Կերպար(ներ)Աթիքըս Ֆինչ, Boo Radley?, Jem Finch? և Scout Finch?
Նկարագրում էԱլաբամա և ԱՄՆ հարավ
ՀաջորդGo Set a Watchman?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչLippincott?[1]
Հրատարակման տարեթիվհուլիսի 11, 1960
Պարգև(ներ)

Վեպը հայտնի է իր ջերմությամբ և հումորով, չնայած արտացոլում է այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են բռնաբարությունը և ռասայականությունը։ Պատմողի հայրը՝ Ատիքըս Ֆինչը, շատ ընթերցողների համար տիպիկ բարոյական հերոս է, որն արտացոլում է իրավաբանների համահավաք կերպարը[2]։

Որպես հարավային գոթական և դաստիարակչական վեպ՝ «Ծաղրասարյակ սպանելը» ներկայացնում է ռասայականության անարդարությունը և անմեղության ոչնչացումը։ Գիտնականները նշում են, որ Լին արծարծում է նաև մի շարք այլ կարևոր հարցեր՝ դասային, խիզախության, կարեկցանքի, գենդերային անհավասարության, որոնք բնորոշ են Ամերիկայի հարավին։ Վեպը խորապես ուսուցանվում է ամերիկյան դպրոցներում դասընթացների միջոցով, որոնք սերմանում են հանդուրժողականություն և պայքար նախապաշարմունքների դեմ։ Չնայած արծարծած թեմաների՝ գիրքը հաճախ ամերիկյան դասագրքերից հանվելու է ներկայացվել այն պատճառով, որ պարունակում է ռասայական անընդունելի մակդիրներ։

Վերաբերմունքը գրքին խորապես տարբերվում է՝ կախված հրատարակությունից։ Հեղինակ Մերի Մըք Դոնա Մըրֆին, հավաքագրելով մի շարք հեղինակների և հանրային դեպքերի կարծիքները «Ծաղրասարյակ սպանելը» վեպի շուրջ, գիրքն անվանել է «ապշեցուցիչ ֆենոմեն»[3]։ 2006 թվականին բրիտանացի գրադարանավարները համարում էին, որ սա Աստվածաշնչից հետո այն գիրքն է, որը յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է ընթերցի նախքան մահանալը։ Վեպի հիման վրա 1962 թվականին ռեժիսոր Ռոբերտ Միլիգան նկարահանվեց համանուն ֆիլմ, որը արժանացել է երեք Օսկարի։

«Ծաղրասարյակ սպանելը» Հարփըր Լիի հրատարակած միակ գիրքն էր, նախքան «Գնա՛, պահակ կանգնի՛ր»-ը, որը «Ծաղրասարյակ սպանելը» վեպի նախնական տարբերակն է։ Այն լույս տեսավ 2015 թվականի հուլիսի 14-ին։ Լին շարունակում էր հարստացնել իր գործերի թիվը նախքան իր մահը՝ 2016 թվականի փետրվարը, չնայած այն փաստին, որ 1964 թվականից հրաժարվել էր անձնական գործերի ցանկացած հրատարակությունից։

Վեպը հայերեն թարգմանվել է երկու անգամ՝ ռուսերեն թարգմանությունից (հրատարակվել է 1965 թվականին[4]) և անգլերենից (հրատարակվել է 2015 թվականին[5][6]

Ընդհանուր սյուժե խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1933-1935 թթ. Մեծ ճգնաժամի տարիներին Ալաբամա նահանգի մտացածին «հոգնած հին քաղաքում»՝ Մեյքոմում։ Վեպի գլխավոր հերոսուհին Ջին Լուիզ Ֆինչն (Սրաչուկ) է, ով ապրում է իր մեծ եղբոր՝ Ջիմի և այրիացած հոր՝ Աթիքըսի հետ, ով միջին տարիքի իրավաբան է։ Ջիմն ու Սրաչուկը ընկերանում են մի տղայի հետ, որի անունը Դիլ էր, ով ամեն ամառ իր հորաքրոջ հետ այցելում է Մեյքոմ։ Երեք երեխաները վախեցած և ահաբեկված են իրենց մեկուսացած հարևանից՝ Արթուր «Բոբո» Ռադլիից։ Մեյքոմի մեծահասակները անվստահությամբ են խոսում տղայի մասին, իսկ շատերը նրան տարիներով չեն տեսել։ Երեխաները լրացնում են մեկը մյուսի պատկերացումները՝ կապված տղայի արտաքինի, նրա փակված լինելու պատճառների մասին, ասեկոսեներով և նրանց հասած տարբեր շշուկներով և պարբերաբար նոր միջոցներ են երևակայում՝ տնից նրան դուրս հանելու։ Դիլի հետ երկու ամառ ընկերակցելուց հետո Ջիմը և Սրաչուկը նկատում են, որ Ռադլիների տան մոտակայքում գտնվող ծառի փչակում իրենց համար մշտապես նվերներ են հայտնվում։ Մի քանի անգամ խորհրդավոր Բոբոն մտերմության տարբեր ակնարկներ է անում, սակայն, երեխաներին՝ ոչ մի անգամ նրանց աչքին անձամբ չի երևում։

Դատավոր Թեյլըրը Աթիքըսին նշանակում է Թոմ Ռոբինսընի պաշտպանյալ՝ մի սևամորթ տղամարդու, ով մեղադրվում է երիտասարդ սպիտակամորթ աղջկան՝ Մեյալա Յուըլին, բռնաբարելու մեջ։ Չնայած մի շարք մեյքոմցիների անհամաձայնությանը՝ Աթիքըսը համաձայնեց պաշտպանել Թոմին՝ պատրաստ լինելով՝ անելու անհնարինը։ Աթիքըսի գործողությունների պատճառով մյուս երեխաները անընդհատ ծաղրում են Ջիմին ու Սրաչուկին՝ նրանց հորն անվանելով «նեգրասեր»։ Սրաչուկը մշտապես փորձում է պաշտպանել հոր պատիվը, չնայած որ վերջինիս խոստանում է զերծ մնալ վիճաբանություններից։ Աթիքըսը առերեսվում է մի խումբ մարդկանց, ովքեր փորձում են հաշվեհարդար տեսնել Թոմի հետ։ Վտանգը կանխվում է այն ժամանակ, երբ Սրաչուկը, Ջիմը և Դիլը ամաչեցնում են ամբոխին այն աստիճան, որ այն ցրվում է՝ ստիպելով հավաքվածներին նայել դեպքերին Աթիքըսի և Թոմի տեսանկյունից։

Աթիքըսը չէր ուզում, որ երեխաները ներկա գտնվեն Թոմի դատավարությանը։ Հիմնական հարթակում ոչ մի տեղ չկար. այդ պատճառով Վերապատվելի Սայքսի առաջարկությամբ Ջիմը, Դիլը և Սրաչուկը դիտում են այն գունավոր հարթակից։ Աթիքըսը պարզում է, որ տուժողներ Մեյալա և Բոբ Յուըլները, ով հայտնի հարբեցող էր քաղաքում, ստում են։ Նաև պարզ է դառնում, որ ընկերներ չունեցող Մեյալան սեռական ոտնձգություններ է կատարել Թոմի նկատմամբ, և նրա հայրը, տեսնելով այդ ամենը, ծեծի է ենթարկել նրան։ Չնայած Թոմի անմեղության ակնհայտ ապացույցների՝ ատենակալները մեղադրում են վերջինիս։ Ջիմի, ինչպես նաև Աթիքըսի՝ արդարության նկատմամբ հավատը մարում է, երբ բանտում գտնվող Թոմը փախուստի փորձ կատարելիս սպանվում է։

Չնայած Թոմը մեղավոր ճանաչվեց, այնուամենայնիվ Աթիքըսի փաստերը այնքան վառ էին, որ Բոբ Յուըլը դատավարության ողջ ընթացքում նվաստանում է՝ կորցնելով վստահության վերջին ծվենը։ Յուըլը խոստանում է վրեժ լուծել. նա թքում է Աթիքըսի դեմքին, փորձում է ներխուժել դատավորի տուն, սպառնում է Թոմի այրուն, և վերջապես, հարձակվում է անպաշտպան Ջիմի ու Սրաչուկի վրա, ովքեր մութ գիշերով տուն էին վերադառնում Հելոուինյան տոնահանդեսից հետո։ Պայքարի ընթացքում Ջիմի թևը կոտրվում է, բայց խառնաշփոթի ժամանակ ինչ-որ մեկը հայտնվում և փրկում է երեխաներին։ Խորհրդավոր տղան Ջիմին տանում է տուն, որտեղ Սրաչուկը պարզում է, որ այն Բոբո Ռադլին է։

Շերիֆ Թեյթը ժամանում և բացահայտում է, որ կռվի ընթացքում մահացել է Բոբ Յուըլը։ Աթիքըսը և Թեյթը վիճում են այն բանի շուրջ, թե ով է իրականում սպանել Յուըլին. Աթիքըսը կարծում էր, որ մահվան համար պատասխանատու է Ջիմը, մինչդեռ Թեյթը կարծում էր, որ պատասխանատուն Բոբո Ռադլին է։ Աթիքըսը ի վերջո ընդունում է շերիֆի պատմությունը և ընդունում է, որ Յուըլը պարզապես ընկել է սեփական դանակի վրա և մահացել։ Բոբոն խնդրում է Սրաչուկին իրեն ուղեկցել մինչև տուն, որտեղ նա, ցտեսություն ասելով, կրկին անհետանում է։ Կանգնելով Ռադլիների մուտքի մոտ՝ Սրաչուկը պատկերացնում է կյանքը Բոբոյի տեսանկյունից և զղջում է, որ նրանք երբևէ չեն փոխհատուցել իրենց տրված նվերների համար, որոնք Բոբոն թողնում էր ծառի փչակում։

Ինքնակենսագրական տարրեր խմբագրել

Լին նշել է, որ «Ծաղրասարյակ սպանելը» ինքնակենսագրություն չէ, այն պարզապես մի օրինակ է, թե ինչպես պետք է հեղինակը գրի իր իմացածի մասին, ընդ որում գրի ճշմարտացիորեն։ Այնուամենայնիվ, Լիի կյանքից որոշ մարդիկ և դեպքեր համընկնում են Սրաչուկի կյանքին։ Լիի հայրը՝ Ամասա Քոլմեն Լին, Աթիքըս Ֆինչի նման մի իրավաբան էր, ով 1919-ին պաշտպանում էր երկու սևամորթների, ովքեր մեղադրվում էին սպանության մեջ։ Դատապարտվելուց հետո նրանց կախաղան են բարձրացնում և խոշտանգում։ Նա այլևս չի փորձում մասնակցել քրեական այլ գործերի։ Լիի հայրը նաև Մոնրովիլ թերթի խմբագիրն ու հրատարակիչն էր։ Ի տարբերություն Աթիքըսի՝ ռասայականությանը կողմնակից լինելով՝ նա կյանքի վերջին տարիներին ավելի լիբերալ է դառնում։ Չնայած Սրաչուկի մայրը մահանում է, երբ նա դեռ երեխա էր, Լիի մայրը՝ Ֆրանչես Քանինգհամ Ֆինչը, մահացավ, երբ Լին արդեն 25 տարեկան էր։ Լին ուներ մեկ եղբայր՝ Էդվինը, ով ինչպես Ջիմը, չորս տարի մեծ էր քրոջից։ Ինչպես վեպում է, ամեն օր նրանց տուն էր գալիս սևամորթ մի կին, ով հոգ էր տանում Լիերի ընտանիքի և տան մասին։

Դիլի կերպարի համար հիմք է ծառայում Լիի մանկության ընկեր Թրումըն Կապոտեն։ Ինչպես Դիլն էր բնակվում Ֆինչերի հարևանությամբ, այնպես էլ Կապոտեն իր հորաքրոջ հետ ամառները անցկացնում էր Լիերի հարևանությամբ, երբ իր մայրը մեկնում էր Նյու Յորք։ Ինչպես և Դիլը, Կապոտեն վառ երևակայություն և սահմռկեցուցիչ պատմությունների մեծ տաղանդ ուներ։ Լին կռվարար աղջիկ էր, ով շատ շուտ էր բռնկվում և վիճում, իսկ Կապոտեին ծաղրում էին իր առաջադեմ և ոչ առօրյա բառապաշարի համար։ Նրանք պարբերաբար պատմություններ էին հորինում, որոնք Լիի հայրը տպագրության էր տալիս Անդըրվուդ հրատարակչական ընկերությունում։ Նրանք լավ ընկերներ են դառնում, երբ երկուսն էլ առանձնանում են իրենց հասակակիցներից։

Այն փողոցում, որտեղ ապրում էին Լիերը, կար մի ընտանիք, որոնց տունը մշտապես փակ էր. սա հիմք է հանդիսացել Ռադլիների կերպարների ձևավորման համար։ Այդ ընտանիքի որդին մի շարք օրինախախտությունների մեջ է մեղադրվում, որի պատճառով ընտանիքի հայրը նրան 24 տարի փակի տակ է պահում, մինչև վերջինիս մասին մոռանում են։ Նա մահանում է 1952 թ.-ին։

Թոմ Ռոբինսընի կերպարի ծագումը այնքան էլ պարզ չէ, չնայած շատերը նշում են, որ Լին ստեղծել է այն՝ իր աչքի առաջ ունենալով մի շարք օրինակներ։ Երբ նա 10 տարեկան էր, Մոնրովիլի շրջակայքում մի սպիտակամորթ կին մեղադրում էր մի սևամորթ տղամարդու՝ Ուոլթեր Լեթին, բռնաբարության մեջ։ Պատմությունը և դատավարությունը ներկայացված էր Լիի հոր թերթում, որտեղ նշված էր, որ Լեթը մեղադրվում և մահապատժի է ենթարկվում։ Սակայն նրա անմեղությունը ապացուցող մի շարք փաստարկների ի հայտ գալով՝ մահապատիժը փոխվում է ցմահ բանտարկության։ Նա մահանում է թոքախտից 1937 թ.-ին։ Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Ռոբինսընների պատմությունը արտացոլում է Սկոթսբորոյի տղաների հայտնի տխրահռչակ գործը, որտեղ 9 սևամորթ տղաներ մեղադրվում են երկու սպիտակամորթ կանանց բռնաբարելու մեջ չնչին ապացույցներ առկայության պարագայում։ Սակայն 2005 թ.-ին Լին նշում է, որ կերպարը ստեղծելիս նա ավելի քիչ զգայացունց մի դեպք ուներ իր մտքում, չնայած որ Սկոթսբորոյի տղաների գործը նույնպես հարավային նախապաշարմունքների վառ ապացույց էր։

Ոճ խմբագրել

Քննադատների և գրախոսների կողմից նշմարված ամենաուժեղ տարրը Լիի պատմելու տաղանդն է, որն ավելի վաղ Թայմ պարբերականում անվանվել էր «շոշափելի փայլ»։ Մեկ տասնամյակ անց մեկ այլ գիտնական նշել է. «Հարփըր Լին պատմություն պատմելու ուշագրավ տաղանդ ունի։ Նրա արվեստը տեսանելի է»։ Լին միավորում է պատմողի երեխակայական արտահայտումները հասուն կնոջ արտահայտումների հետ՝ դիտարկելով իր շրջակայքը։ Պատմողական այս ձևը հնարավորություն է տալիս ներկայացնել «սքանչելիորեն հորինված» մի պատմություն, որը զուգակցում է մանկական դիտարկումների պարզությունը թաքնված շաժառիթների և անվերապահորեն ընդունվող ավանդույթների հետևանքով ի հայտ եկած բարդ դեպքերին։ Այնուամենայնիվ վերլուծաբանները տարբեր պատճառներով հաճախ հարցականի տակ են դնում Սրաչուկի գերբնական բառապաշարը և խորը ըմբռնումը։ Շատերը նշում են որ Ջիմի և Սրաչուկի տարիքի երեխաները, հազիվ թե ըմբռնեն Թոմ Ռոբինսընի դատավարության ողջ ընթացքը, նրան սպառնացող դժվարությունները։

Վեպի ոճի և ողբերգական պատմությունում հումորի կիրառման մասին գրել են շատ հեղինակներ։ Սանդեյ Թայմսը նշել է.«Այս գրքում կա թե՛ հումոր, թե՛ ողբերգություն. այն հույսի փխրուն ձայն է առ մարդկային բնույթը ու գրված է հրաշալի»։ Սրաչուկի վարքագիծը և հարևանների մասին իր վաղահաս դիտարկումները ոգեշնչում են Դևիդ Կիպենին՝ նրան անվանելու «չափազանց զվարճալի»։ Ժակլին Թավըրնիըր-Քորբինը նշում է, որ Լին, անդրադառնալով մի շարք բարդ հարցերի, օգտագործում է ծաղրանմանություն, սատիրա, հեգնանք՝ ներկայացնելու երեխայի դիտարկումները։ Այն բանից հետո, երբ Դիլը խոստանում է Սրաչուկին ամուսնանալ իր հետ, սակայն ավելի շատ ժամանակ անցկացնում է իր եղբոր հետ, Սրաչուկը կարծում է, որ լավագույն տարբերակը սևեռել Դիլի ուշադրությունն իր վրա նրան ծեծի ենթարկելն է, որը նա անում է մի քանի անգամ։ Սրաչուկի առաջին օրը դպրոցում կրթության նկատմամբ երգիծական վերաբերմունք է. նրա ուսուցչուհին ասում է, որ ինքը պետք է վերացնի ակն վնասը, որը իրեն պատճառել է Աթիքըսը՝ գրել և կարդալ սովորեցնելով, և պետք է դադարի հոր հետ ուսուցանելը։ Լին ամենա ոչ զվարճալի պահերին օգտագործում է հեգնանք. օրինակ, երբ Ջիմը և Սրաչուկը փորձում են հասկանել, թե ինչպես կարող է Մեյքոմը ընդունել ռասայականությունը, սակայն հավասարության կոչեր անել հասարակության մնացյալ հատվածի համար։ Սատիրան և հեգնանքը այն աստիճանի են օգտագործված, որ Թավըրնիըր-Քորբինը վեպի վերնագրի մեկնաբանության նոր տարբերակ է առաջարկել. նա կարծում է, որ Լին ծաղրում է կրթական և արդարադատության համակարգերը, և այն հասարակությունը, որտեղ նա ապրել է՝ հումորի միջոցով ցույց տալով իր անհավանաությունը դրանց նկատմամբ։

Ժանրեր խմբագրել

Գրականագետները բնութագրում են վեպը և՛ որպես հարավային գոթական, և՛ որպես անցումային դաստիարակչական։ Գրոտեսկը և Բոբո Ռադլիի ու նրա տան գերբնականին մոտ հատկանիշները, ռասայական անհավասարության տարրերը նովելին տալիս են գոթական աուրա։ Լին օգտագործում է «գոթական» տերմինը՝ նկարագրելու Մեյքոմի դատարանի ճարտարապետությունը։ Այնուամենայնիվ գրականագետները կասկածի տակ են դնում վեպի՝ հարավային գոթական ժանրին պատկանելը՝ նշելով, որ Բոբո Ռադլին փաստացի մարդկային էակ է իր պաշտպանական և բարյացակամ մոտեցումներով։ Ավելին, Լին, շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հարբեցողությունը, բռնաբարությունը, ռասայականությունը, գրում է իր փոքր քաղաքի մասին ավելի ռեալիստական մոտեցումներով, քան մելոդրամային։ Նա իր կերպարների անձնական խնդիրները ներկայացնում է որպես լայնամասշտաբ խնդիրներ, որոնք բնորոշ են յուրաքանչյուր հասարակությանը։

Ջիմը և Սրաչուկը հասունանալով առերեսվում են իրականության բարդ խնդիրներին։ Մեծանալով նրանք փորձում են պայքարել դասային և ռասայական արմատացած տարանջատումների դեմ։ Վեպը, ընդհանուր առմամբ, պատկերում է այն բոլոր փոփոխությունները, որոնց առերեսվում է Ջիմը հասունանալով, սակայն այդ ամենին զուգընթաց պատկերում է նաև այն բոլոր դժվարությունները, որոնց հանդիպում է Սրաչուկը, ով՝ որպես աղջիկ, շատ հեռու է կանացիությունի և բարքերից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են