Լոռու մարզ

մարզ Հայաստանում


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային տիրույթները։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի և Կալինինոյի շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։

Picto infobox map.png
Լոռու մարզ

Զինանշան
Lori province coa.png
Լոռու մարզի խորհրդանշանը

Lori Province, northern Armenia.png
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մասն էհյուսիսային Հայաստան
Կարգավիճակմարզ
Մտնում էՀայաստան
Ներառում էհամայնքներ
ՎարչկենտրոնՎանաձոր
Խոշորագույն քաղաքվարչական կենտրոն
Ամենաբարձր կետԱչքասար (3196 մետր)
ԲԾՄ520-1800 մետր
մարզպետԱրամ Խաչատրյան («Քաղաքացիական պայմանագիր»)
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն (2020)
213.3 հազար մարդ (7.2 %, 6-րդ տեղ)
Խտություն103.5
Ազգային կազմհայեր, ռուսներ, հույներ, եզդիներ, ուկրաինացիներ
Կրոնական կազմքրիստոնեություն
Տարածք3,799  (3-րդ տեղ)
Lori in Armenia.svg
Պատմական շրջան(ներ)Գուգարք նահանգ, Մեծ Հայք
ISO 3166-2 կոդAM-LO
Փոստային ինդեքսներ1701–2117
lori.mtad.am

Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և հիմնականում ունի լեռնային ռելիեֆ՝ բարձրադիր լեռներ, անդնդախոր, երբեմն սուր կտրվածքով կիրճեր։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակի գոգավորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։

Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 80 հազար բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Թումանյանը, Ախթալան և Տաշիրը։ Ըստ 2020 թվականի տարեսկզբի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 213․3 հազար մարդ, որի ճնշող մեծամասնությունը հայերն են, սակայն համեմատականորեն քիչ չեն նաև ազգային փոքրամասնությունների (ռուսական, հունական, եզդիական, ուկրաինական և այլն) համայնքները։

Լոռին Հայաստանի արդյունաբերական մարզերից է։ Այստեղ են գործում Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղի անկյունաքարային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ։ Արդյունաբերության զարգացվածության ֆոնին ավելի քիչ զարգացած է գյուղատնտեսությունը։

Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։ Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ 10-12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն՝ ի դեմս Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտներից երկուսը՝ Հաղպատի ու Սանահինի միջնադարյան վանական համալիրները գտնվում են Լոռու մարզում։

Անվանում

«Լոռի» անվանումն առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարում և կարող է փոխկապակցված լինել լոր թռչնի անվան հետ։ Այդ տարում Հայաստանի հյուսիսում կառավարած Դավիթ Ա Անհողին Կյուրիկյան արքան Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում հիմնադրում է Լոռի կամ Լոռե բերդը, որը 1065 թվականին դառնում է Անիի Բագրատունյաց թագավորությունից անկախացած Տաշիր-Ձորագետի թագավորության քաղաքամայր-ոստանը[1]։ Բերդի անունով թագավորությունը երբեմն անվանվում է նաև Լոռու թագավորություն[2]։

Հետագայում, «Լոռի» անվանումը տարածվում է ամբողջ Տաշիրի գավառի վրա[3]։ Այսպես են անվանակոչվում պատմական Հայաստանի Գուգարք նահանգի ահմաններում գտնվող մի շարք աշխարհագրական օբյեկտներ, այդ թվում՝ Լոռիգետն ու Լոռվա սարահարթը։

«Լոռի» անունով գյուղեր հայտնի են նաև Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Արդահան և Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանեի գավառում։

Աշխարհագրություն

Լոռու մարզը Հայաստանի Հանրապետության տարածքի մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7 %-ը)։ Այն հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Արագածոտնի, հյուսիս-արևելքում՝ Կոտայքի, արևմուտքում՝ Շիրակի և արևելքում՝ Տավուշի մարզերին։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին։

Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում հինգ գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ)։ Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի լեռնային ռելիեֆ։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը։

Ջրագրություն

Լոռու մարզն առանձնանում է ջրագրական խիտ ցանցով, որը պայմանավորված է տարածքի երկրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքով, ռելիեֆի առանձնահատկություն­նե­րով, մթնոլորտային առատ տեղումներով։ Ջրի մանրեաբանական անալիզների հետազոտությունների տվյալները վկայում են, որ մարզի խմելու ջրի աղբյուրները ունեն բարձր որակական հատկանիշներ։

Մարզի տարածքում հոսում են 1356 գետեր և գետակներ, որոնց ընդհանուր երկարությունը 3505 կմ է, նրանցից միայն 55-ը (4,1%), ունեն 10 և ավելի կմ երկարություն։ Լոռու մարզի գետերի ջրերը հիմնականում օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակ­ներով։

Դեբեդ գետի խոշոր աղտոտողներից են համարվում մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները[4]։

Վանաձոր քաղաքում գործում է կոյուղու մաքրման մեխանիկական – կենսաբանական կայան, որով անցնող կեղտաջրերի հոսքը կազմում է 30լ/վրկ, կատարվում է միայն մասնակի մեխանիկական մաքրում։ Կեղտաջրերի մեծ մասը առանց մաքրման անմիջապես թափվում է Փամբակ գետը։ Լոռու մարզում 2015թ. կոյուղի բաց թողնված կեղտաջրերի հեռացման ծավալը 2013թ.-ի  համեմատ նվազել է 18%։ Կեղտաջրերի մեծ մասը առանց մաքրման անմիջապես թափվում է Փամբակ գետը։

Կլիմա

Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով։ Լոռու և Տավուշի մարզերը համարվում են Հայաստանի ամենախոնավ մարզերը։ Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները։ Յուրաքանչյուր տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է. բնորոշ են չափավոր շոգ և չորային ամառները, մեղմ ձմեռները։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

Պատմություն

Լոռու մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային տիրույթները։ Ինչպես Լոռու, այնպես էլ նրանում գտնվող մի շարք բնակավայրերի մասին հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ և վկայություններ։

Նախապատմական շրջան և վաղ ժամանակներ

Մերօրյա Լոռու մարզի տարածքը մարդու հնագույն բնակության վայրերից է։ Այս մասին վկայում են Դեբեդի կիրճի քարանձավներում (որոնցից ամենահայտնին Ալավերդիի Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող Մենձ-էրն է) իրականացված հետազոտությունները։

 
Դեբեդի հովիտը մարդու հնագույն բնակության վայրերից է։ Դեբեդի կիրճի քարանձավները համարվում են հնագիտական ուսումնասիրությունների կարևոր օբյեկտ տարածաշրջանում։

Լոռին մ.թ.ա. 2200-1600 թվականներին գոյություն ունեցած միջին բրոնզեդարյան Թռեղք-վանաձորյան մշակույթի օրրաններից է։ Թռեղքյան դամբարանները, ըստ ակադեմիկոս Պիոտրովսկու, «բերեց մեզ հնագույն մշակույթի պատկերը` իր ինքնատիպությամբ և աննախադեպ բարբարոսական շքեղությամբ»։ Թռեղքյան մշակույթի գոյության վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են դամբարանաբլուրներում եղած հուղարկավորությունների սրահների գտածոների միջոցով։ 1931 թվականին խորհրդային կարգերի օրոք կատարված պեղումները վկայում են, որ ժամանակակից Լոռու մարզը, ամենայն հավանականությամբ, բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին։

Ըստ Մովսես Խորենացու՝ Գուգարաց նահանգի բոլոր գավառական տարածքները, ներառյալ Տաշիրը, կառավարվել է Հայկազունիների տոհմի կողմից։ Պատմահայրը հիշատակում է Հայկ նահապետից սերող Գուշար Հայկազունուն (Աշոցյանների նահապետ Շարայի ցեղից), ում անունով էլ անվանակոչվել է Գուգարք (Գոգարենե) աշխարհը։ Գուշար Հայկազունիին Վաղարշակ Արշակունուն, որպես վարձատրություն իր քաջագործությունների համար, ժառանգություն է թողնում Մթին լեռը՝ Կանգարքը և Ջավախքի մի մասը, Կողբը, Ծոփը, Ձորը և Հնարակերտ ամրոցը, իսկ Աշոցքի տեր և Տաշիրքի սեպուհ նշանակվում է Վաղարշակը՝ Հայկազն Գուշարի զավակներից։ Մ․թ․ա․ 9-րդ դարում Լոռու տարածքը անցնում է Վանի թագավորությանը։ Հայկակա պետականության թուլացման ֆոնին սկսված Աքեմենյան արշավանքների արդյունքում Գուգարքի տարածաշրջանը դառնում է Պարսկաստանի 18-րդ սատրապության տիրույթ։ Մ․թ․ա․ 331 թվականին՝ Երվանդունյաց արքայատոհմի հաստատմամբ, Գուգարքը դառնում է Մեծ Հայքի թագավորության 13-րդ նահանգը։ Երվանդունիների պետականությունը շարունակում է գոյություն ունենալ մինչև մ․թ․ա․ 201 թվականը։

Ըստ Կիրիլ Թումանովի՝ օգտվելով Հայաստանում տիրող խառնակ իրավիճակից և պետականության բացակայության փաստից, ժամանակի ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջանները՝ այդ թվում և Գուգարքը, յուրացվում են հարևան Իբերիայի (Վրաց) թագավորության Փառնավազյան արքաների կողմից։ Տաշիրի և Աշոցքի ձեռքբերումից հետո Փառնավազյանները ձեռնամուխ են լինում Վիրքի գերագահության ներքո նոր վարչատարածքային միավորի ձևավորման՝ ի դեմս Սամշվիլդեի էրիսթավության, որի կազմի մեջ էլ ներառվում են հյուսիսային հայկական տարածքները։ Սելևկյանների տերության թուլացման արդյունքում մ․թ․ա․ 189 թվականին Արտաշեսյանների արքայատոհմը վերականգնում է Մեծ Հայքի թագավորությունը, իսկ հիմնադիր-արքա Արտաշես Ա Բարեպաշտի միավորիչ գործունեության արդյունքում Գուգարքն ու Կղարջքը վերադարձվում են Հայաստանին։ 1-ին դարի սկզբին Արտաշեսյանների թագավորությունն անկում է ապրում։ Օգտվելով կենտրոնական իշխանության բացակայությունիվ՝ Իբերիան վերստին իր վերահսկողությունը հյուսիսային Հայաստանի նկատմամբ, սակայն այդ իրավիճակը երկար չի շարունակվում, քանի որ նույն դարավերջին՝ 66 թվականին, Արշակունիների տոհմը վերականգնում է Մեծ Հայքի անկախությունն ու վրացիների կողմից զբաղեցված հայկական տարածքները։

Միջնադարյան ժամանակաշրջան

Միջնադարյան հայկական թագավորությունների կազմում

387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Լոռին կարճ ժամանակահատվածով անցնում է Իբերիային, սակայն կարճ ժամանակ անց Արշակունիները վերադարձնում են այն, և Լոռին շարունակում է մնալ հայոց պետականության կազմում մինչև Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումը։ Պատմիչներ Ղազար Փարպեցին և Եղիշեն նշում են, որ Տաշիրի իշխանները 450-451 թվականներին մասնակցում են Սասանյանների դեմ ապստամբությանը։ Հայտնի է, որ այս շրջանում Գուգարքի բդեշխ Վազգենը, որը հետագայում կրոնափոխ է լինում և դավաճանում հայրենիքը, ամուսնացած է եղել ապստամբական շարժման առաջնորդ Վարդան Մամիկոնյանի ստեր՝ Շուշանիկի հետ։

5-րդ դարում Տաշիրը դառնում է առանձին իշխանություն, իսկ 7-րդ դարում՝ վերադառնում բդեշխության կարգավիճակին։ 9-րդ դարում Տաշիրին տիրում է Աշոտ Ա Կյուրոպաղատի որդի Գուարամ Մամփալին։ Հայտնի է, որ վերջիններս նախկինում չեն եղել այս տարածքների տերերը։ 876 թվականին Գուարամը Գուգարաց հողերը և Աշոցքը հանձնում է իր փեսա Աշոտին՝ Հայաստանի ապագա արքային։

Բագրատունյաց առաջին արքաների՝ Աշոտ Մեծի և Սմբատ Նահատակի կառավարման ժամանակահատվածում հյուսիսային Հայաստանը, մասնավորապես՝ Լոռին, կառավարվում էր արքայատոհմին չպատկանող և անուղղակիորեն Բագրատունիների հարստության հետ որևէ արյունակցական կապ չունեցող կառավարիչ-վերակացուների միջոցով, որոնք նշանակվում էին Անիի կենտրոնական թագավորության արքայի անմիջական գահնամակով։ 977 թվականին Աշոտ Գ Ողորմած արքայի՝ Գուգարքի կառավարչի պաշտոնում նշանակմամբ և 982 թվականին՝ վերջինիս թագադրմամբ, նշանավորվում է Բագրատունիների կրտսեր ճյուղի՝ Կյուրիկյանների ժառանգական իշխանության հաստատումը Գուգարք նահանգի հարավային և արևելյան հատվածներում, ինչպես նաև հյուսիսային Ուտիքում, այդ թվում՝ Գարդմանում և Փառիսոսում։ Այսպիսով, Հայաստանի հյուսիսում հիմնադրվում է Անիի թագից վասալական կախման մեջ գտնվող Տաշիր-Ձորագետի ենթակա թագավորությունը, որն իր հզորության գագաթնակետին հասնում է Դավիթ Անհողին արքայի կառավարման տարիներին։ Իր երկարատև իշխանության օրոք Դավիթ արքան ամրացնում է երկրի արտաքին սահմանները, մայրաքաղաքը տեղափոխում Սամշվիլդե, ջախջախում Տաշիր-Ձորագետի սահմաններն ասպատակած Գանձակի ամիրայի զորքերին, իր ազդեցությանը ենթարկում Կախեթ-Հերեթի թագավորությանն ու Դմանիսի իշխանությանը, ինչպես նաև կայուն հարաբերություններ հաստատում հարևան պետությունների հետ։ Հաջորդիվ Լոռու գահակալը փորձում է ազատվել վասալական կախվածությունից, սակայն պարտություն է կրում Բագրատունյաց հայոց շահնշահ Գագիկ Ա-ից և կորցնում Կայան և Կայծոն ամրոցները։ Հետագա տարիներին Տաշիր-Ձորագետի թագավորությունը բռնում է լճացման ուղին։ Չկարողանալով դիմակայել սելջուկ-թուրքերի արշավանքներին՝ Կյուրիկե Բ արքան 1064 թվականին ճանաչում է Ալփ-Արսլանի գերիշխանությունը։ Միևնույն ժամանակաշրջանում, վրաց արքա Բագրատ IV-ը գրավում է Սաշմվիլդեն Կյուրիկե Բ-ից, որը ստիպում է Լոռու արքային թագավորական ոստանը տեղափոխել Լոռե բերդ, որը հիմնադրել էր իր հայրը։

1105 թվականին Լոռին ենթարկվում է էմիր Քըզըլի ասպատակություններին։ 1111 թվականին Սելջուկյան սուլթանությունը մեծ բանակով վերստին ներխուժում է Տաշիր-Ձորագետի թագավորություն և հանդիպում Աբաս Ա Կյուրիկյան արքայի զորքերի դիմադրությանը։ Երկու տարում վաչկատունները նվաճում են ամբողջ թագավորությունը, որի արդյունքում գահակալները ստիպված են լինում տեղափոխվել Հայոց արևելից կողմանք։

Վրաց թագավորության կազմում

1110-1123 թվականներին մի շարք հայկական հողեր, ներառյալ Լոռին, անցնում են Վրաստանը միավորելու իղձով համակվա Դավիթ Շինարար արքային։ Վրաց տարեգրությունը հաղորդում է Դավթի նվաճումների մասին. «... Նույն թվականին նա նվաճում է Լոռե հայկական ամրոցը»։ Վարդան Արևելցի պատմիչի հավաստմամբ՝ Վրաց թագավորությանն են անցնում հյուսիսային Հայաստանի Գագ, Տերունակապ, Տավուշ, Կայան, Կայծոն, Լոռե, Տաշիր և Մախկանաբերդ պաշտպանական ամրությունները։ Այս իրադարձություններից հետո վրաց արքան կրում է նաև «հայոց թագավոր» տիտղոսը։ Ազատագրումից հետո Դավիթ Շինարարը Լոռու կառավարումը հանձնում է Օրբելյան իշխաններին, սակայն 1177 թվականին վերջիններս անհաջող ապստամբություն են բարձրացնում և զրկվում իրենց կալվածքներից։ Գեորգի III-ը Լոռու կառավարումը հանձնում է ղփչաղ Խուբասարին, սակայն ութ տարի անց՝ 1185 թվականին, Թամար թագուհին տարածաշրջանի կառավարումը հանձնում է Սարգիս Զաքարյանին, որը նախօրեին նշանակվել էր վրաց ամիրսպասալար՝ սպարապետ։ Զաքարյան (վրացական տարբերակով՝ Մխարգրձելի) տոհմի հաստատմամբ Հայաստանում հիմնադրվում է Զաքարյանների իշխանապետությունը։ Զաքարյանները, վրացական թագի ներքո, իշխում են մինչև 13-րդ դարի սկիզբը։ Նույն շրջանում Մամիկոնյանների տոհմը իշխում է Դսեղում և հարակից տիրույթներում։ 1225 թվականին Լոռին ժամանակավորապես անցնում է խորեզմշահ Ջալալեդդինին։ 1236-1237 թվականներին Լոռին և Հայաստանի զգալի մասը գրավում են մոնղոլները։ Մոնղոլական նվաճումների նախօրեին Լոռին հայկական արհեստագործության և առևտրի հիմնական կենտրոններից էր։ 14-րդ դարավերջին Լոռին ավերվում է Թամերլանի զորքերի կողմից։ Վրաց թագավորության կազմում գտնվող հայկական շրջաններից Լոռին ամենաշատն է տուժում Թամերլանի գլխավորած թուրքմենական արշավանքներից։ Վրաստանի կազմում գտնվող հայկական շրջանները 1435 թվականին փոխանցվում են Օրբելյանների կառավարմանը։

Պատմամշակութային հուշարձաններ

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Վարդաբլուրի Ջգրաշեն եկեղեցին, Վարդաբլուրի Սուրբ Սարգիս լեռան գագաթին Կյուրիկե թագավորի կառուցած բարձրադիր ապարանքը (Ասրոն, 1050թ.) Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները Լոռու մարզում ներառում են շուրջ 3045 հուշարձան։ Լոռու մարզի հուշարձանները հիմնականում հանրապետական նշանակության են և կարող են ընդգրկվել ՀՀ զբոսաշրջային ռազմավարական նշանակություն ունեցող երթուղիներում։ Մարզի հուշարձանները թվագրվում են Ք.ա. 5 հզ. տարուց մինչև մեր օրերի նորակառույցները։ Մարզի տարածքում են գտնվում համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդգրկված երկու հուշարձան` Հաղպատի ու Սանահինի հրաշակերտ վանական համալիրները[5]։

Լոռու մարզի պատմաճարտարապետական հուշարձանները իրենց քանակով, բազմազանությամբ ու արժեքայնությամբ առանձնահատուկ տեղ են գրավում Հայաստանի այլ մարզերի նմանտիպ կոթողների շարքում։ Դրանք գալով դարերի խորքից` սերունդներին են ներկայացնում մեր ժողովրդի բազմադարյան նյութական մշակույթի ակնառու նվաճումները։ Լոռու մարզում մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի նորակառույցները։ Դրանց մեջ մտնում են պատմական բնակատեղիներ, ամրոցներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, կամուրջներ, աղբյուրներ, մահարձան-կոթողներ, խաչքարներ ու աշխարհիկ կամ կենցաղային շինություններ։ 12-13-րդ դդ. Լոռու ճարտարապետության ամենաբուռն ծաղկման շրջանն է համարվում։ Այդ ընթացքում տարածքը վրաց իշխանների` Օրբելյանների և Զաքարյանների սեփականությունն էր, ուստի այդ ժամանակաշրջանում Լոռին Վրաստանի հետ ապրել է միևնույն սոցիալ-տնտեսական, մշակութային և դավանաբանական կյանքով, և անխուսափելի էր երկու ժողովուրդների մշակութային, այդ թվում` ճարտարապետական հուշարձանների ոճական նմանությունները։ Դա վերաբերում է հատկապես Ախթալայի և Քոբայրի վանքերին, Բգավորի, Հնեվանքի, Մեծավանի և մի շարք այլ եկեղեցիներին։ Ցավոք մեզ չեն հասել կամ հասել են գրեթե ավերակ վիճակում քաղաքներն ու ամրոցները։ Հավելվածներ 2-4-ում ներկայացված են ոչ միայն զբոսաշրջային առօրյայում առավել շատ այցելվող տեսարժան վայրերը (օրինակ` Հաղպատ, Օձուն, Սանահին, Հնեվանք, Լոռեբերդ, Քառասնից մանկանց վանք, Քոբայր, Արդվի, Կուսանաց անապատ, Խորակերտի վանք, Չախալաբերդ, Խուճապի վանք), այլև պատմաճարտարապետական այնպիսի հուշարձաններ և տեսարժան վայրեր, որոնք ունեն բազմաթիվ արժանիքներ տուրփաթեթների մեջ զետեղվելու, սակայն դուրս են մնացել տուրօպերատորների ուշադրությունից և մատնվել են մոռացումի։

Վարչատարածքային բաժանում

Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները[6][7]։ Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում[8]։

2016-2017թվականներին համայնքների խոշորացման արդյունքում Լոռու մարզում․

Գուգարքի տարածաշրջան - 48.19% (1 քաղաքային՝ Վանաձոր և 26 գյուղական բնակավայրեր՝ Ազնվաձոր, Անտառամուտ, Անտառաշեն, Արջուտ, Արջուտի կայարանին կից, Բազում, Գուգարք, Գյուլլուդարա, Դարպաս, Դեբեդ, Եղեգնուտ, Լերմոնտովո, Լեռնապատ, Հալլավար, Հայդարլի, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Շահումյան, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Փամբակ կայարանին կից, Քիլիսա, Քարաբերդ, Ֆիոլետովո համայնքներ)[9]։

Թումանյանի տարածաշրջան - 19,06% (4 քաղաքային՝ Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Շամլուղ և 34 գյուղական  Աթան, Առողջարանին կից գյուղ, Ամոջ, Ախթալա, Ակներ, Աքորի, Ահնիձոր, Այգեհատ,  Արդվի, Արևածագ,  Բենդիկ, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեգի, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Փոքր Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Քարկոփ, Քարինջ, Քոբեր կայարան, Օձուն համայնքներ)[10]։

Սպիտակի տարածաշրջան - 18.55 % (1 քաղաքային՝ Սպիտակ և 20 գյուղական՝ Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Ղուրսալի, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր համայնքներ)[11]։

Ստեփանավանի տարածաշրջան - 12.48% (1 քաղաքային՝ Ստեփանավան և 19 գյուղական՝ Ագարակ, Արմանիս, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուրասար, Ուռուտ համայնքներ)[12]։

Տաշիրի տարածաշրջան -9.47% (1 քաղաքային՝ Տաշիր և 23 գյուղական՝ Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Ձյունաշող, Ձորմուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա,  Նովոսելցովո, Նորաշեն, Նորամուտ, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ համայնքներ)[13]։

Բնակչություն

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով։ Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է։ Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Լոռու մարզի քաղաքների մշտական բնակչությունը՝ 2021թ․-ի հունվարի 1-ի դրությամբ[14]


Էթնիկ խմբեր

Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային փոքրամասնություններին. ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝ 793 (0.3%), հույներ՝ 655 (0.2%), այլ՝ 607[15]։

Կրոն

Ինչպես և այլուր Հայաստանում, Լոռու մարզի բնակչության գերիշխող մասը իրենց անվանականորեն համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ։ Այնուամենայնիվ մարզում են բնակվում Հոգևոր Քրիստոնեություն դավանող Մոլոկաններ, ինչպես նաև Կաթոլիկ ֆրանգներ, Եհովայի վկաներ, Աթեիստներ, Ագնոստիկներ և այլն։


Տնտեսություն

Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 միլիոն դրամ (2004), գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 միլիարդ դրամ (2004)։

Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։

 
Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ

Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։

Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն։ Այստեղ հանքային աղբյուրների առատությունը բացատրվում է ինչպես ռելիեֆի խիստ մասնատվածությամբ և էրոզիայի բազիսի խորությամբ, այնպես էլ հանքային ջրերի արտաբխման (բեռնաթափման) հարմար ուղիների առկայությամբ։ Վանաձորի հանքային աղբյուրները դուրս են գալիս քաղաքի շրջակայքում։ Ոչ խորը հորատման միջոցով բազալտային լավաներից ստացվել են հանքային ջրերի խոշոր շիթեր, որոնց ծախսը կազմում է 2,5-10 լ/վրկ.: Այն Ջերմուկի ջրերի ամենամոտ նմանակն է։ Ֆիոլետովոյի հանքային ջուրը դուրս է գալիս գյուղի շրջակայքում արված հորատանցքերից։ Հետախուզվել են նաև Բզովդալի (Վանաձորի մոտ) հիդրոկարբոնատասուլֆաստային, նատրիում-կալցիումային հանքային ջրերը։ Ստեփանավանի շրջակայքում բխում են մի խումբ հանքային աղբյուրներ, որոնցից է Կաթնաղբյուրի ակները։ Մեծ ծավալի հետախուզական աշխատանքներ են կատարվել Կաթնաղբյուր գյուղի (Ստեփանավանի տարածաշրջան) աղբյուրների շրջանում։ Ուրասար (Կուբիշև) գյուղի մոտ հայտնի են Չյոռնայա և Ժյոլտայա գետակների աղբյուրները։ Դեբեդ գետի ավազանաում, բացի վերը նշվածներից, հաշվվում են մոտ 35 զանազան հանքային աղբյուրներ, որոնք դեռ լիարժեք չեն ուսումնասիրվել։ Հանքային ջրերի ուսումնասիրությունը, հետախուզումը կարևոր տնտեսական նշանակություն ունեն և հարկավոր է մարզի առաջնային խնդիրներից մեկը համարել։

Տրանսպորտ

Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան - Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում։

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների [16]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։

Տարի1990199520002005201020152017
Ցուցանիշ0.6060.580.6230.6730.7150.7210.725

Ավանդական խոհանոց

Լոռու մարզի խոհանոցը պահպանել է հայկական խոհանոցի ընդհանուր դիմագիծը, սակայն ունի որոշ յուրահատկություններ։ Հետազոտության ընթացքում կատարված հարցումների արդյունքում արձանագրվել են մի քանի ուտեստներ, որոնք հիմնականում բնորոշ են Լոռու մարզին։

Հացի խաշու - Հացը խորանարդաձև կտրատում և չորացնում են։ Սոխեռածը լինելու ընթացքում կաթսայի մեջ ավելացնում են 1 բաժակ ջուր։ Մասսան համեմում են աղով և մանր կտրատած համեմով։ Եռալուց հետո անընդհատ խառնելով ավելացնում են հարած ձու։ Թողնում են 10 րոպե եփի։ Մատուցելուց 5 րոպե առաջ կաթսան կրակի վրայից վերցնում են և ավելացնում նախապես պատրաստած հացի կտորները։

Հոնով ապուր - Հոնը քիչ ջրով եռացնում են և թողնում մի քիչ հովանա։ Այնուհետև փլավքամի մեջ տրորում են մինչև կորիզների առանձնանալը։ Ստացվում է համասեռ թանձր զանգված։ Մասսայի մի մասի մեջ անընդհատ հարելով ավելացնում են ալյուր, և խառնում մնացած զանգվածին։ Ավելացնում են շաքարավազ և դնում կրակին։ Մատուցվում է սառը վիճակում։

Խաշիլ - Ջուրը համեմում են աղով և կրակի վրա անընդհատ խառնելով ավելացնում փոխինձը (բոված, աղացած հացահատիկ)։ Պետք է եփել այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի։ Լցնում են ափսեների մեջ և վրան դնում մի կտոր կարագ։

Խորոված կարտոֆիլ / պլեճ - Կարտոֆիլը կեղևազրկում են և օղակաձև կտրատում (կամ լավ լվանում և առանց կևեղազրկելու կտրատում)։ Տաք վառարանի վրա աղ են ցանում, և կտրտած կարտոֆիլը շարում վրան, և նորից աղ ցանում։ Երկու կողմը համաչափ խորովելուց հետո կարելի է ճաշակել։ Պլեճը պետք է ուտել տաք վիճակում։

Մարինացված սինդրիկ - Սինդրիկը խաշում են, հանում տաք ջրից և դնում հոսող ջրի տակ, որ պահպանի կանաչ գույնը։ Աղաջուրը լցնում են վրան։ Կարելի է համտեսել հաջորդ օրը։

Լավաշով մոթալ - Մոթալի պատրաստման ձև`մանրացրած պանիրը, մանրացրած թելպանիրը (ջիլ), քամած կաթնաշոռը, քամած մածունը խառնում են և համեմում աղով, ըստ ճաշակի։ Ստացված զանգվածը լցնում են կավե սափորի մեջ, գլխիվայր շրջում և պահում սառը վայրում առնվազը 10 օր։ Լավաշը բացում են, մոթալը լցնում են վրան, փաթաթում և համտեսում։

Եղինջի ապուր - Կաթսայի մեջ սոխեռած են անում, ավելացնում ջուր, խորանարդաձև կտրտած կարտոֆիլ։ Կիսաեփ վիճակում ավելացնում են եղինջ։ Թողնում են 5 րոպե եռա։ Եփման վերջին րոպեներին ավելացնում են հարած ձու, կտրտած համեմ և աղ։ Ճաշատեսակը հնարավոր է պատրաստել նաև չորացրած եղինջից, որը պետք է նախապես թրջել տաք ջրի մեջ։

Ավելուկի աղցան - Նախապես չորացրած եփում խաշում են տաք ջրով և մանր կտրատում։ Կաթսայի սոխեռածին ավելացնում են կտրտած ավելուկը և տապակում 5-10 րոպե, այնուհետև ավելացնում են աղ և համեմունքներ։ Մատուցում են մածուն-սխտորով։

Նապաստակի խորոված - Նապաստակի կտրատած միսը համեմում են աղով, ուրցով/քոնդարով և սոխով։ Միսը մի քանի տեղից ծակծկում են պատառաքաղով։ Թողնում են 20 րոպե։ Շարված շշերը իջեցնում են թոնիրի մեջ։ 1 ժամ եփելուց հետո հանում են թոնրից, սոխ և կտրտած համեմ ցանում վրան և մատուցում։

Թել պանիրով ձվածեղ - Անալի թել պանիրը (ջիլ) (կամ եթե աղ դրած է, նախապես 2 ժամ թողնում են ջրի մեջ) նախօրոք մանրացնում են։ Թավայի մեջ լցնում են կարագ, այն դաղվելուց հետո ավելացնում են թել պանիրը և անընդհատ խառնում։ Համասեռ մասսա դառնալուց հետո, ավելացնում են հարած ձու։ Մատուցվում է տաք վիճակում։

Թթուներ տարբեր խոտաբույսերից – Մարզը հարուստ է խոհանոցում օգտագործվող տարատեսակ խոտաբույսերով, որոնց օգտագործման սեզոնը շատ կարճ է։ Դրանցից թթուներ կամ մարինադներ են պատրաստում և պահածոյացնում ոչ սեզոնների համար։

Կատարված հարցումների ժամանակ որոշ ուտեստներ էլի հիշատակվել են, սակայն դրանք բնորոշ են ընդհանուր հայկական խոհանոցին, օրինակ` խաշլամա, տարբեր բանջարեղեններով և խոտաբույսերով կերակրատեսակներ, թանով ապուր և այլն։

Կրթություն

ԲՈւՀեր

Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

Մշակույթ

Լոռու մարզում մշակութային կազմակերպություններն են` մշակույթի տները և ակումբները, գրադարանները, թանգարանները, արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցները, համերգասրահները և կինոթատրոնները, պատկերասրահները և ցուցասրահները, ստեղծագործական խմբերը, կենտրոններն ու համույթները։ Մշակութային կազմակերպությունների առկայությունը դեռևս չի նշանակում ակտիվ մշակութային կյանք, քանի որ դրանց մեծ մասը կարիք ունի հիմնանորոգման և նյութատեխնիկական հագեցվածության բարելավման։ Ներկայումս մշակույթի ոլորտի խնդիրները Լոռու մարզում համակարգված լուծում չեն ստանում, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով։ 1996 թվականից հետո մշակութային կազմակերպությունները անցան տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը, սակայն ոչ բարվոք տնտեսական իրավիճակը, ընդհանուր ռազմավարական և զարգացման հեռանկարային (տարածաշրջանին հատուկ) համագործակցության ծրագրերի բացակայությունը հնարավորություններ չեն ընձեռնում Լոռու մարզում մշակութային կյանքի արդյունավետ և լիարժեք գործունեության կազմակերպմանը։ Արդյունքում` դիտարժան և բարվոք մշակութային ենթակառուցվածքների խիստ պակաս է զգացվում, ինչը մարզի մշակութային հատվածները թե´ ներքին, թե´ ներգնա այցելությունների հյուրընկալման համար ցանկալի արդյունքներ չեն ապահովում։

Սպորտ

Լոռու մարզում գործում են 19 մարզադպրոց, մի շարք մարզական ակումբներ, ընկերություններ, հասարակական կազմակերպություններ։ Տարբեր մարզական թիմերում և խմբակներում ընդգրկված են մոտ 7000 երեխա։ Լոռու մարզը թե հանրապետական և թե միջազգային ասպարեզներում միշտ աչքի է ընկել իր մարզական հաջողություններով։ 2016 թվականին Վանաձորում բացվեց ֆուտբոլի ակադեմիա։

Գործում է Ռաֆտինգ Դեբեդ գետի 10 կիլոմետր երկարության վրա։

1988 թվականի երկրաշարժ

1988 թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը, որը ներկայում կոչվում է Շիրակամուտ։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փլվել էին 30 շենք և 2500 տուն[17]։

Հեռուստաընկերություն

Ծանոթագրություններ

  1. Հյուսեն Ռոբերտ Հ․ (2001)։ Հայաստանի պատմական ատլաս։ Չիկագո, Միացյալ Նահանգներ: Չիկագոյի համալսարանի հրատարակչություն։ էջ 114։ ISBN 0-226-33228-4 
  2. Մաթևոսյան Ռ․ (1978), «Լոռի», Վիկտոր Համբարձումյան հոդվածում (խմբ․), Հայկական սովետական հանրագիտարան, էջեր 663-664
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  4. «Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին։ Վերցված է 28.06.2019 
  5. «Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին։ Վերցված է 28.06.2019 
  6. «Տարածաշրջանները` Սպիտակ Ստեփանավան Տաշիր Թումանյան Գուգարք ․․․»։ Վերցված է 28.06.2019 
  7. «Մարզի տարածքում են գտնվում նաև հետևյալ քաղաքները՝ Ալավերդի, Ախթալա, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան։»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին։ Վերցված է 28.06.2019 
  8. «2016-2017թթ.ին համայնքների խոշորացման արդյունքում...»։ Վերցված է 28.06.2019 
  9. «Գուգարքի տարածաշրջան - 48.19% (1 քաղաքային՝ Վանաձոր և 26 գյուղական բնակավայրեր...»։ Վերցված է 28.06.2019 
  10. «Թումանյանի տարածաշրջան - 19,06% (4 քաղաքային՝ Ալավերդի, Թումանյան...»։ Վերցված է 28.06.2019 
  11. «Սպիտակի տարածաշրջան - 18.55 % (1 քաղաքային՝ Սպիտակ և 20 գյուղական...» 
  12. «Ստեփանավանի տարածաշրջան - 12.48% (1 քաղաքային՝ Ստեփանավան և 19 գյուղական՝ Ագարակ, Արմանիս, Ամրակից...»։ Վերցված է 28.06.2019 
  13. «Տաշիրի տարածաշրջան -9.47% (1 քաղաքային՝ Տաշիր և 23 գյուղական՝ Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան, Գոգավան․․․»։ Վերցված է 28.06.2019 
  14. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը թվերով»։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե։ 2021 
  15. «Ազգային կազմը՝ •հայեր...»։ Վերցված է 28.06.2019 
  16. Subnational Human Development Index
  17. «1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի ․․․»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին։ Վերցված է 28.06.2019 

Արտաքին Հղումներ