Լոռվա սարահարթ, Լոռու դաշտ, Լոռու սարահարթ միջլեռնային սարահարթ ՀայաստանիԼոռու մարզի հյուսիսում՝ Բազումի, Ջավախքի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև։ Բարձրադիր հարթավայր է, որի միջով Ձորագետ ու Տաշիր գետերը փորել են խոր կիրճեր[1]։ Ունի եռանկյունու ձև, 30 կմ երկարություն և 18 կմ լայնություն։ Ծովի մակարդակից բարձր է 1400 (կամ 1300)-1600 մ։ Հյուսիս-արևմտյան մասը կոչվում է նաև Տաշիր։ Հատակը հարթ է, մասամբ լավաներով ծածկված։ Դեպի հարավ–արևելք ունի թույլ թեքություն և հարթ մակերևույթ[2]։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ թույլ թեքությամբ։
Կազմված է վերին պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտներից և բազալտներից՝ ծածկված ջրասառցադաշտային, հեղեղատային նստվածքներով։ Արևմուտքում մակերևույթը միատարր է, արևելքում՝ մասնատված Ձորագետի, Ուռուտի, Տաշիրի և Գարգառի խոր կիրճերով։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4 °C, հուլիսինը՝ 16 °C, տարեկան տեղումները՝ 700-800 մմ։ Լանդշաֆտը տափաստանային է, տեղ-տեղ կան անտառապուրակներ։ Լոռու դաշտի տարածքում են Լոռե (Լոռի) քաղաք-ամրոցի (հիմնադրվել է 1005-20-ին) ավերակները, Գյուլագարակի սոճու արգելավայրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 664)։