Ինտուիտիվիզմ

INTUITIVIZM

Ինտուիտիվիզմ, փիլիսոփայական ուսմունք, որն ինտուիցիան համարում է իմացության կարևորագույն աղբյուրն ու միջոցը, առանձնապես փիլիսոփայության համար։ Ինտուիտիվ ակնհայտության առանձնացումը բնորոշ է եղել 17-18-րդ դարերին, փիլիսոփայությանը (Ռ. Դեկարտ, Թ. Հոբս, Գ. Լայբնից), երբ խոսքը վերաբերել է տրամաբանության և մաթեմատիկայի ամենաընդհանրական հիմքերին։ Մինչդեռ ինտուիտիվիզմը, որը սկզբնավորվել է 14-20-րդ դարերի սահմանագծին, ինտուիցիան հակադրում է տրամաբանական դիսկուրսիվ մտածողությանը և համարում է վերջինիս համար անմատչելի աշխարհի մետաֆիզիկական, բացարձակ էության ճանաչման միջոցը։ Ինտուիտիվիզմի ներկայացուցիչներն են Ն. Լոսսկին է Հուսեռլը և հատկապես Ա. Բերգսոնը, որի փիլիսոփայության մեջ ինտուիտիվիզմը ավարտուն արտահայտություն է գտել։ Ինտուիտիվիզմի զգալի տարրեր ունեն էկզիստենցիալիզմը և կյանքի փիլիսոփայությունը։ Բարոյագիտության մեջ ինտուիտիվիզմն ընդգծում է բարոյական հիմնական գաղափարների ինքնատիպությունը և, համապատասխանաբար, բարոյագիտության հետազոտական եղանակների ուրույնությունը բնական և պատմական ուսումնասիրությունների համեմատությամբ (Ջ. Մուր, Գ. Պրիչարդ, Դ. Ռոս, Է. Ցուինգ, Բ. Բլենշարդ)։ Իմացաբանական տեսակետից ինտուիտիվիզմը նկատում է, որ արժեքային մոտեցումը աշխարհին, մարդու գեղագիտական և բարոյական ըմբռնումները, մարդկային կեցությունը չեն կարող սպառվել տրամաբանական ճշմարտային վերլուծությամբ ու գնահատականներով, սակայն հասնում է ծայրահեղության և հանգում իռացիոնալիզմի։ Ըստ մարքսիստական փիլիսոփայության ինտուիտիվիզմի տեսական հերքումը մտածողության դիսկուրսիվ ու ինտուիտիվ կողմերի դիալեկտիկայի բացահայտումն է։ 20-րդ դարում ինտուիտիվիզմի սնող սոցիալական հողը բուրժուական օգտապաշտական հասարակության ճգնաժամն է, մարդու կեցության փաստական երկատումը՝ արժեքների անջատումն իրենց առարկայական կրողից և դրա հետևանքով առաջացած հոռետեսությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 360