Թշշան կարապ

Թշշան կարապ
Թշշան կարապ
Թշշան կարապ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգՍագանմաններ (Anseriformes)
ՎերնաընտանիքAnatoidea
ԸնտանիքԲադեր (Anatidae)
ԵնթաընտանիքAnserinae
ՑեղԿարապներ (Cygnus)
ՏեսակԹշշան կարապ (C. olor)
Միջազգային անվանում
Cygnus olor
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թշշան կարապ (լատին․՝ Cygnus olor), բադերի ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հայաստանում պատահական չվահյուր է։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 208-238 սմ, կենդանի զանգվածը՝ 8-13 կգ։ Երկար վիզը ոլոր է՝ վեր պահած դիրքում։ Պոչը երկար է, ծայրը՝ սուր։ Հասունը գրեթե ամբողջությամբ սպիտակ է, կտուցը՝ նարնջագույն ու սև, ոտքերը և ոտնաթաթերը՝ սև։ Արուի կտուցի կոշտուկն ավելի մեծ է։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն է՝ դարչնագույն վրձնախազերով, կտուցը վարդագույն է, հիմքը՝ սև, ճակատի կոշտուկը բացակայում է։ Թշշան կարապը ջրի վրա և թռչելիս նրբագեղ է, ձայնը երբեմն նման է թշշոցի կամ մեղմ խռխռոցի։ Թռչելիս թևերը ծափաձայներ կամ սվսվոցներ են արձակում։ Հարսանեկան պարերի ընթացքում կամ հարձակվելու պահին լողում է՝ թևերը մեջքի վրա կամարաձև պահած։ Բնակվում է զանազան ջրային տարածքներում, երբեմն կեր է փնտրում դաշտերում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է առավելապես ջրային բույսերով։

Տարածվածություն խմբագրել

Տարածման արեալն ընդգրկում է գրեթե ողջ Եվրոպան և Սկանդինավյան երկրները, Ռուսաստանը, Փոքր Ասիան, Անդրկովկասը, Իրանը և Աֆղանստանը, Հնդկաստանի հյուսիսային և Չինաստանի արևելյան շրջանները[1]։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Կանոնակարգված հետազոտությունների դեպքում Սևանա լճում, Արարատյան դաշտի արհեստական լճակներում, Արփի լճում, Ախուրյանի, Սպանդարյանի և այլ ջրամբարներում հնարավոր է հաստատել թշշան կարապի պարբերաբար հայտնվելը։ Բնական պայմաններում ամենուր տարածված է ոչ մեծ քանակությամբ։ Թեպետ թաքնված է և զգույշ, հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների։

Տնտեսական նշանակություն խմբագրել

Նպատակահարմար է տնտեսական շահույթ բերող թռչնաբուծական ֆերմաների ստեղծումը և որպես մսատու, փետրատու (փետուրները կանացի զգեստների արժեքավոր զարդ են) տեսակի բազմացումը։ Կեցվածքով ու վարքով առանձին գեղագիտական արժեք է ներկայացնում առողջարանների, քաղաքների, առանձնատների ջրավազաններում պահելու համար։

Պահպանություն խմբագրել

Պատահական չվահյուր, հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում է 5-10, իսկ ձմռանը` 50-60 առանձնյակներից բաղկացած խմբերով։ Հայաստանում միշտ եղել է հազվագյուտ։

Վտանգման հիմնական գործոնները ուսումնասիրված չեն (հավանաբար` որսագողությունը)։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թշշան կարապ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թշշան կարապ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։