Թեոդորոս Ռշտունի

Հայոց սպարապետ, իշխան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեոդորոս Ռշտունի (այլ կիրառումներ)

Թեոդորոս Ռշտունի (590 կամ անհայտ[2] - 656[1] կամ մոտ 654[2], Դամասկոս, Ուղղահավատ խալիֆների պետություն[1]), մարզպան և Հայոց իշխան՝ 639-654 թվականներին, ընդհատումներով և զորավար։

Թեոդորոս Ռշտունի
Դրոշ
Դրոշ
Հայոց մարզպան
639-645
ՆախորդողԴավիթ Սահառունի
ՀաջորդողՎարազ-Տիրոց Բ Բագրատունի
Հայոց իշխան
646-654
ՀաջորդողՄուշեղ Ա
 
Մասնագիտություն՝զորավար
Ծննդյան օր590(0590)
ԾննդավայրՌշտունիք, Մարզպանական Հայաստան
Վախճանի օր654(0654)
Վախճանի վայրԴամասկոս, Օմայյան խալիֆայություն
ԴինաստիաՌշտունիներ
ԶավակներՎարդ Ռշտունի

Սասանյան արքունիքի համաձայնությամբ 628 թվականին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ։ 634 թվականից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը։ Սասանյան պետության քայքայումից (637) և Մարզպանական Հայաստանի անկախանալուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։ Լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639-ին միավորված Հայաստանը փաստորեն հռչակվել է ինքնուրույն իշխանություն, որի առաջին իշխանն է դարձել Թեոդորոս Ռշտունին։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։

Իր ազդեցությունը Հայաստանում պահպանելու մտահոգությամբ՝ Բյուզանդիան 640 կամ 641-ին Թեոդորոս Ռշտունուն շնորհել է պատրիկի ու կյուրապաղատի տիտղոսներ և նրան ճանաչել Հայաստանի կառավարիչ իշխան։ Դժգոհելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականությունից՝ Կոնստանս կայսրը 646-ին Հայոց իշխան է նշանակել ոմն Թովմայի։ Վերջինս Կոտայքում դավադրաբար կալանավորել է Թեոդորոս Ռշտունուն և ուղարկել Կոստանդնուպոլիս։ Սակայն կայսրը, երկյուղելով հայերի դժգոհությունից, Թեոդորոս Ռշտունուն վերստին հաստատել է իր պաշտոնում, իսկ Թովմային ետ կանչել։ 648-ին Դվինի ժողովում հայ իշխանների ու հոգևորականների գերակշռող մասը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, մերժել է կայսեր «դավանական միության» առաջարկը։ Բյուզանդական կայսրության նոր խարդավանքները դիմակայելու համար Թեոդորոս Ռշտունին իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, դիվանագիտական հմտությամբ բանակցել և 652-ին համեմատաբար ձեռնտու պայմանագիր է կնքել Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ (տես Հայ-արաբական պայմանագիր 652)։ Ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը՝ Թեոդորոս Ռշտունին 3 տարով երկրում թեթևացրել է հարկավճարումը, պահպանել հայոց այրուձին (15 հզ. զինվոր) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր հարցերում։ Արաբական 7 հզ. զորախմբի օգնությամբ Թեոդորոս Ռշտունին և նրա որդի Վարդը հաղթել են Հայաստան խուժած բյուզանդական զորքերին, մաքրել երկրի հս–արմ. շրջանները՝ ընդհուպ Տրապիզոն։ Այս հաղթանակի համար Դամասկոսում նա արժանացել է Մուավիայի մեծարանքներին։ Դամասկոսից վերադառնալով՝ Թեոդորոս Ռշտունին հիվանդացել և առժամանակ մեկուսացել է քաղաքական կյանքից (փակվել է Աղթամարի բերդում)։ Գլուխ բարձրացրած կենտրոնախույս և բյուզանդամոլ տարրերին հնազանդեցնելու պատրվակով արաբական զորքերը գրավել և կողոպտել են Հայաստանը։ 652-ին պայմանագիրը վերահաստատելու հույսով՝ Թեոդորոս Ռշտունին 1800 հայ մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս։ Սակայն երկարատև հիվանդությունից հյուծված Թեոդորոս Ռշտունին այնտեղ շուտով վախճանվել է։ Նրա դին տեղափոխվել է հայրենի երկիր և թաղվել Ռշտունյաց տոհմական գերեզմանատանը։

Մ. Աբեղյանի կարծիքով մեծ ժողովրդականություն վայելող Թեոդորոս Ռշտունին դարձել է հայկական «Սասնա ծռեր» հերոսապատումի կերպար՝ ի դեմս քեռի Թորոսի։ Թեոդորոս Ռշտունու գեղարվեստական կերպարն արտացոլվել է Ծերենցի «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Նախորդող
Հայոց մարզպան՝
Վարազ-Տիրոց Բ Բագրատունի 628-634

Հայոց իշխան՝
Դավիթ Սահառունի 635-638
Հայոց մարզպան
սպարապետ և Հայոց իշխան
Թեոդորոս Ռշտունի

639-654
Հաջորդող
Հայոց մարզպան՝
Վարազ-Տիրոց Բ Բագրատունի 645-646

Հայոց իշխան
Մուշեղ Մամիկոնյան 654-654
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 172