Էրիթրոցիտների նստեցման արագություն

Էրիթրոցիտների նստեցման արագություն՝ ԷՆԱ, էրիթրոցիտների նստման ռեակցիա-ԷՆՌ, ախտորոշիչ ցուցանիշ, որիշնորհիվ բացահայտվում է արյան պլազմայի սպիտակուցային բաղադրամասերի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի և ծավալի փոխհարաբերությունը ախտաբանական տարբեր պրոցեսների ժամանակ։ Էրիթրոցիտների նստեցման արագության մեխանիզմը պայմանավորված է էրիթրոցիտների միջոցով արյան պլազմայի սպիտակուցային մասնիկների կլանմամբ և ագլոմերատների (էրիթրոցիտների կուտակումներ) առաջացմամբ։ Բնականոն պայմաններում տղամարդկանց ԷՆԱ հավասար է 1–10 մմ/ժամ, կանանցը՝ 3–14 մմ/ժամ։ Էրիթրոցիտների նստեցման արագությունը մեծանում է արյան պլազմայում կոպիտ դիսպերսված նյութերի (գամմա գլոբուլիններ, ֆիբրինոգեն) պարունակության ավելացման, որը նկատվում է բորբոքային պրոցեսների (թոքաբորբ, տուբերկուլոզ, ռևմատիզմ, սեպսիս), հյուսվածքների քայքայումով ուղեկցվող հիվանդությունների (սրտամկանի ինֆարկտ, ուռուցքներ) դեպքում, ինչպես նաև հղիության ընթացքում։ Միելոմային հիվանդության ժամանակ ԷՆԱ հասնում է մինչև 90 մմ/ժամ։ ԷՆԱ փոքրանում է էրիթրեմիայի, վարակիչ դեղնախտի և սպիտակուցային անբավարարության դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 95
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիթրոցիտների նստեցման արագություն» հոդվածին։