Զկեռնի գերմանական

բույսերի տեսակ
Զկեռնի գերմանական
Զկեռնի գերմանական
Զկեռնի գերմանական
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՎարդածաղկավորներ (Rosales)
ԸնտանիքՎարդազգիներ (Rosaceae)
ԵնթաընտանիքԽնձորայիններ (Maloideae)
ՑեղԶկեռենի (Mespilus)
ՏեսակԶկեռնի գերմանական (M. germanica)
Միջազգային անվանում
Mespilus germanica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Զկեռնի գերմանական (լատին․՝ Mespilus germanica), վարդազգիների ընտանիքի, զկեռնի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Փոքր, տերևաթափ ծառ է 3-6 մ բարձրությամբ, մինչև 20 սմ տրամագծով, ծածկված մոխրագորշավուն կեղևով, հաճախ բազմացողուն, հաստ, բազմամյա ճյուղերը մոխրագույն են, բարակ ճյուղերը կարմրագորշավուն։ Ընձյուղները ծածկված են խիտ, թաղիքանման աղվամազով։ Փշերն ուղիղ են, կարճ, սակավաթիվ։ Կուլտուրական ձևերի մոտ փշերը բացակայում են։ Բողբոջները ձվաձև կոնաձև են, կարմրագորշավուն, թարթիչաեզր թեփուկներով։ Բողբոջները և տերևները պարուրաձև են դասավորված։ Տերևները էլիպսաձև են, նշտարաձև կամ հակառակ նեղ ձվաձև, սրածայր կամ բութ, գագաթով, սեպաձև կամ կլորավուն հիմքով, ամբողջական, ամբողջաեզր, մանր սղոցաեզր կամ աղեղնաատամնաեզր, 5-14 սմ երկարությամբ և 2,5-7 սմ լայնությամբ, վերևի կողմից անփայլ մուգ կանաչ, մերկ կամ կարճամազմզուկապատ, ներքևից բաց կանաչ, սպիտակամազմզուկապատ։ Կոթունները թավամազ աղվամազապատ են, 0,5-1 սմ երկարությամբ։ Տերևակիցը խոշոր է, ձվաձև, մերկ, վաղ է թափվում։ Ծաղիկները գտնվում են կարճ ընձյուղների գագաթներին, միայնակ են, խոշոր, համարյա նստադիր, մեկ հատ բաց կանաչավուն ծաղկակիցով։ Պսակն ունի 3-5 սմ տրամագիծ, սպիտակ պսակաթերթիկներով, բաժակը 5 պսակաբաժան է։ Բաժակաթերթիկները նշտարամախաթանման են, պսակաթերթիկներից երկար, արտաքինից թաղիքամազմզուկապատ, մնում են պտուղների վրա։ Առէջների թիվը 30-40 է, կարմիր փոշանոթներով։ Սերմնարանը կազմված է 4-5 պտղաթերթիկներից, լրիվ սերտաճած մեկը մյուսի և հիպանթիումի հետ։ Սռնակները 4-5 հատ են։ Պտուղը խնձորանման է, գնդաձև, հոլանման, տանձանման կամ էլիպսոիդանման, 2-3 սմ (կուլտուրական ձևերի մոտ մինչև 7 սմ) տրամագծով, կանաչավուն, ավելի ուշ դեղնավուն կամ կարմրավուն, դարչնագույն պտղամսով։ Կորիզների թիվը 4-5 է, ավելի հաճախ 5։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով, պատվաստով։ Լավ է խուզվում և տված ձևը երկար է պահպանում։ Հայտնի է, որ զկռենին հեշտությամբ է տրամախաչվում սզնու հետ և տալիս է սպոնտան հիբրիդներ։ Հայաստանում այդպիսիք չեն հանդիպում։ Մշակության համար պիտանի է մեր հանրապետության միջին և ստորինգոտիներում։ Բարձրլեռնային շրջաններում ցրտահարվում է։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Հյուսիսային Իրանում (Էլբուրս), Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Լոռիում, Զանգեզուրում, Մեղրիում, հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ հանդիպում է ստորինից մինչև միջին լեռնային գոտիներում, անտառների եզրերին և թփուտներում, ծովի մակերևույթից 1200-1400 մետր բարձրությունների վրա։

Կիրառություն խմբագրել

Հնագույն ժամանակներից ի վեր օգտագործվում է որպես պտղատու բույս։ Պտուղները թարմ վիճակում տտիպ են, անհրաժեշտ է հավաքելուց հետո պահել որոշ ժամանակ, որից հետո պտղամիսը փափկում է, համեղանում։ Հասունացած պտուղները պարունակում են 10% շաքարներ, 1,1% խնձորաթթու, կեղևում 3 և պտղամսում՝ 1,2 գ կարոտին, կեղևում 6,8-19,3 և պտղամսում 1,6-15,8 մգ/տոկոս C վիտամին։ Օգտագործվում է նաև որպես դեկորատիվ բույս[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 368։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զկեռնի գերմանական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զկեռնի գերմանական» հոդվածին։