«Դեկամերոն» (իտալ.՝ Il Decamerone, հին հունարեն՝ δέκα «տասը» և ἡμέρα «օր» բառերից), իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոյի 100 նովելների հավաքածուն, վաղ իտալական Վերածննդի ամենահայտնի գրքերից մեկը, գրվել է մոտավորապես 1348-1353[3] թվականներին։ Այս գրքի նովելների մեծ մասը նվիրված է սիրուն` սկսած նրա սիրային և ավարտած ողբերգական կողմերով։

Դեկամերոն
իտալ.՝ Il Decameron, cognominato Prencipe Galeotto
Decameron, 1492
Տեսակգրական ստեղծագործություն և պատմվածքների ժողովածու
Ժանրվեպ
ՁևՎիպակ[1][2] և արձակ
ՀեղինակՋովաննի Բոկաչչո
Երկիր Իտալիա,  Ֆլորենցիայի Հանրապետություն և  Սրբազան Հռոմեական կայսրություն
Բնագիր լեզուիտալերեն
Գրվել է1348-1353[3]
ՏեսարանՖլորենցիա
ԿերպարներPeronella?, brigata?, Boniface VIII?, Agilulf?, Ջոտտո դի Բոնդոնե և Lisabetta?
 Decameron

Բովանդակություն խմբագրել

Անվանում խմբագրել

Գրքի անվանումը` «Դեկամերոն» ծագում է հին հունարեն՝ δέκα «տասը» և ἡμέρα «օր» բառերից, բառացի թարգմանվում է «Տասը օր»։ Այն հեղինակի կողմից ստեղծվել է Ամբրոսիոս Մեդիոլանցու Hexaemeron («Վեցօրյակ») հունական տրակտատի օրինակով։ Վեցօրյակներում, որոնք ստեղծվել են նաև շատ այլ միջնադարյան հեղինակների կողմից, սովորաբար պատմվում էր Աստծո կողմից վեց օրում աշխարհը ստեղծելու մասին։ «Դեկամերոնը» նույնպես աշխարհի ստեղծման մասին գիրք է։ Բայց այստեղ աշխարհը ստեղծվում է ոչ թե Աստծո, այլ մարդկային հասարակության կողմից, ոչ թե վեց, այլ տասն օրում[4]։

Գիրքն ուներ նաև հասարակ ժողովրդական անվանում` «Գալեոտտո արքայազնը» (իտալ.՝ Principe Galeotto, բառացի «կավատ»), որը ակնարկում էր Բոկաչչոյի քննադատներին, որոնք ձգտում էին ապացուցել, որ «Դեկամերոնը» խախտում է կրոնի և բարոյականության նորմերը։ Գալեոտտոն Արթուր թագավորի ասպետներից էր, որը նպաստում էր Ջինևրայի և Լանցելոտի փոխհարաբերություններին և դա հիշատակվում է Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ում։ Վեպի հերոսներ Ֆրանչեսկա դի Ռիմինին և Պաոլոն առաջին անգամ համբուրվում են լեգենդի այդ հատվածի ընթերցանության ազդեցությամբ («Միայն մենք էինք, յուրաքանչյուրն ազատ էր, գրքի վրա հայացքներն առաջին անգամ չէին հանդիպում... և գիրքը դարձավ մեր Գալեոտտոն...»)։ Դանթեից «Գալեոտտո» անունը իտալերենի մեջ մտավ որպես կավատի հոմանիշ[Ն 1]։

Սյուժե խմբագրել

Դեկամերոնի պատմողները։ 15-րդ դարի մանրանկար

Այս ստեղծագործության սխեման Բոկաչչոյի մոտ հանդիպում է նաև ավելի վաղ, «Ամետո»-ում (յոթ հավերժահարսերի սիրային պատմությունները) և «Ֆիլոկոլո»-ում (13 սիրային հարցեր)։ Երկու շարադրանքների կառուցվածք` օգտագործվում է «շրջանակային կոմպոզիցիա» ընդմիջարկված նովելներով։ Գրքում ընդգծված իրադարձություները տեղի են ունենում 14-րդ դարում, 1348 թվականի ժանտախտի համաճարակի ժամանակ։ 3 ազնվաբարո պատանիների և 7 տիկնանց խումբը, հանդիպելով Սանտա Մարիա Նովելլա եկեղեցում, վիրուսով վարակված հեռանում են քաղաքից 2 մղոն հեռավորության վրա գտնվող առանձնատուն, որ այնտեղ փրկվեն հիվանդությունից։

Քաղաքից դուրս նրանք անց են կացնում իրենց ժամանակը` միմյանց պատմելով տարբեր հետաքրքրաշարժ պատմություններ։ Դրանցից շատերը Բոկաչչոյի ինքնուրույն երկը չեն, այլ նրա կողմից մշակված ժողովրդական, լեգենդար և դասական մոտիվներով գրվածքներ, օրինակ` Ապուլեյի «Մետամորֆոզը», անեկդոտները, որոնք կազմում են քաղաքական ֆոլկլորի նշանակալի մասը, ֆրանսիական ֆաբլիոները և արևելյան հեքիաթները, իր ժամանակակիցների բանավոր պատմությունները[6]։ Բոկաչչոն նյութեր է վերցրել նաև 13-րդ դարի «Cento novelle antiche» իտալական ժողովածուից։ Կառուցվածքի վրա ազդեցություն է թողել նաև «Պանչատանտրա» հնդկական հեքիաթների ժողովածուն և «Historia gentis Langobardorum» նովելների շարքը` համաճարակի նկարագրման ժամանակ։

Յուրաքանչյուր օր սկսվում է 10 նովելների գլխազարդով` խորհուրդ տալով այն մասին, ինչպես են իրենց ժամանակն անցկացնում այդ երիտասարդ մարդկանց խումբը, որոնք նրբորեն զգում են բնության գեղեցկությունը, հավատարիմ են նրբագեղության և դսատիարակության կանոններին։ «Դեկամերոնի» նովելների շրջանակում կարելի է տեսնել ուտոպիական իդիլիա, առաջին վերածննդյան ուտոպիան. մշակույթը այդ իդեալական հասարակության հիմքն է թվում։

Այսպիսով, «Դեկամերոնի» նովելները պատմվում են ինքնատիպ իրադրության մեջ։ Ակադեմիկոս Ա. Ն. Վեսելովսկին այդ առիթվ գրում է. «Բոկաչչոն պատկերել է կենդանի, հոգեբանորեն ճիշտ գիծ` կյանքի տենչ մահվան շեմին»[7]։

Պատմությունն սկսվում է չորեքշաբթի առավոտյան, իրադարձությունները ձգվում են 10 օր, և ամեն օր պատմվում է 10 պատմություն։ Ամեն օր ընտրվում է «թագավոր» կամ «թագուհի», որոնք սահմանում են օրվա կարգ ու կանոնը և զրուցակիցների իրար զբաղեցնող պատմությունների համար թեմաներ են նշանակում։ Այդ թեմային պիտի հետևեն բոլոր պատմողները, բացի Դիոնեոյից, որը իրավունք ունի պատմել ամենավերջում և ցանկացած թեմայով։ Ուրբաթ և շաբաթ օրերին ղեկավարներ չեն նշանակվում և նովելներ չեն պատմում։ Այն բանից հետո, երբ բոլոր 10 նովելները պատմվում էին, հեղինակը դրանք եզրափակում էր, ընթերցողին է ներկայացնում պատմողներին, ցույց է տալիս, թե ինչպես են նրանք փոխանակվում տպավորություններով։

Յուրաքանչյուր օրվա վերջում տիկնանցից մեկը կատարում է չափածո բալլադ։ Այդ բալլադները Բոկաչչոյի լիրիկայի լավագույն օրինակներն են[8]։ Քանի որ հանգստյան օրերին պատմություններ չէին պատմվում, ամբողջ իրադարձությունը տևում է 2 շաբաթ, և գործողության ավարտից հետո, կրկին չորեքշաբթի, երիտասարդները վերադառնում են Ֆլորենցիա։

Ժանր խմբագրել

Ինչպես նշում են հետազոտողները, «Դեկամերոնում» կատարելության է հասցված արձակ «վեպ-նովելների» ժանրը, որը իտալական գրականության մեջ կար մինչև Բոկաչչոն։ Այս գիրքը ճանապարհ է բացել ամբողջ վերածննդյան նովելագրության համար։

Ընթերցողներին ձգել է նովելների սյուժեների հետաքրքրաշարժությունը, պայծառ կերպարները, հյութեղ իտալերենը (ժողովրդական իտալերեն)։ Նորարարություն էր միջնադարյան ֆաբուլաների ոչ ավանդական մերթ ընդ մերթ մեկնաբանությունը, ինչպես նաև ընդհանուր գաղափարական բովանդակությունը։ «Դեկամերոնը» ցույց է տալիս վերածննդյան հումանիզմի նոր կողմերը։ Բոկաչչոյի ուշադրության կենտրոնում է անձի ինքնագիտակցության խնդիրը` մեծ հեռանկար ստանալով վերածննդյան մշակույթի հետագա զարգացմանը զուգահեռ։

Համեմատելով Դանթեի «Աստվածային կատակերգության» հետ` Բոկաչչոյի «Դեկամերոնը» հաճախ անվանում են «Մարդկային կատակերգություն»։

Ինչպես նշում են հետազոտողները[8], իր միջնադարյան ժամանակակիցներից Բոկաչչոն վերցրել է հետևյալ տարրերը.

  • անեկդոտային ֆաբուլա,
  • կենցաղային տարր,
  • անմիջականություն,
  • հնարամտության և սրամտության փառաբանում,
  • անհարգալի վերաբերմունք վանականների նկատմամբ։

Այս տարրերին նա ավելացրել է սեփականը.

  • հետաքրքրասիրություն կյանքի նկատմամբ,
  • ռեալիստական հետևողական ուղղվածություն,
  • հոգեբանական բովանդակության հարստություն,
  • ձևի գիտակցական արտիստիզմ։

Շնորհիվ նովելի ժանրին այդպիսի մոտեցման, այն դարձավ լիարժեք գրական ժանր[8]։

«Դեկամերոնի» հերոսները խմբագրել

«Դեկամերոնի» 10 պատմողները` 'brigata, նկարագրված են որպես իրենց բնավորության համեմատ հորինված անուններով իրական մարդիկ։ Պատմողներից են հանդիսանում նախկին պոեմներից որոշ հերոսներ։ Ինչպես նշում են հետազոտողները, համարյա բոլոր այդպիսի անուններով կանայք հանդիպել են գրողի ավելի վաղ շրջանի ստեղծագործություններում և եղել են սիրայիին պատմությունների կերպարներ, այդ ընթացքում երեք պատանիների մեջ Բոկաչչոն ընթերցողին է տալիս հենց իր երեք տարբեր նկարագրեր, քանի որ նա նախկին շարադրանքներում արդեն իրեն ներկայացրել էր այդ մականուններով[8]։

Ջոն Ուոթերհաուս. «Դեկամերոն»
Տիկնայք (18-28 տարեկան)։
  1. Պամպինեա (իտալ.՝ Pampinea, «ծաղկող»), պատանիներից մեկի բարեկամուհին
  2. Ֆիամետտա (իտալ.՝ Fiammetta, «խարույկ»), ենթադրվում է հեղինակի սիրուհին է, իսկական անունը Մարիա դը Ակվինո, Ռոբերտ Անժուի արտամուսնական աղջիկը[9]
  3. Ֆիլոմենա (հուն․՝ Filomena, «երգեցողության սիրահար»), այն տիկնոջ մականունն է, որին Բոկաչչոն սիրահարված է եղել մինչև Ֆիամետտան։ Նրան է նվիրված Բոկաչչոյի «Ֆիլոստրատո» պոեմը։
  4. Էմիլիա (լատին․՝ Emilia, «քնքուշ»)։ Այս անունը Բոկաչչոն օգտագործել է մի քանի ստեղծագործություններում` «Ամետո», «Տեզեիդա» և այլն։ Առանձնահատուկ է նշվում նրա գեղեցկությունը։
  5. Լաուրետտա (իտալ.՝ Lauretta) հղում է Պետրարակայի սիրուհի Լաուրայի կերպարին։ Նա կարողանում է լավ երգել ու պարել։
  6. Նեիֆիլա (հուն․՝ Neifile, «սիրո համար նոր»), սիրված է պատանիներից մեկի` Պամֆիլոյի կողմից։ Տարբերվում է խիստ բնավորությամբ։
  7. Էլիզա (իտալ.՝ Elissa, Վերգիլիայի երկրորդ անունը։ Տարբերվում է ծաղրասիրությամբ։
Պատանիներ (սկսած 25 տարեկանից)։
  1. Պանֆիլո (հուն․՝ Panfilo , «ամբողջովին սիրահարված»), լուրջ է, խելամիտ։ Անհավատարիմ սիրեկանի անուն, հանդիպում է Բոկաչչոյի հովվերգանմանություններում և նրա «Ֆյամետտեում»։
  2. Ֆիլոստրատո (հուն․՝ Filostrato, «սիրահարված»), զգայուն է, մելանխոլիկ։ Ենթադրվում է, որ սիրահարված է Ֆիլոմենային։
  3. Դիոնեո (իտալ.՝ Dioneo, «կրքոտ», «հավատարիմ Վեներային»), զգայուն, ուրախ բնավորություն ունի, կարողանում է համոզել իրեն թողնել վերջին պատմություն պատմողը և փոխել օրվա թեման։

Ենթադրվում է նաև, որ Բոկաչչոյի պատմությունների հավաքածուն ստեղծվում է միջնադարյան թվագիտության և միստիցիզմի ազդեցությամբ, օրինակ, ենթադրում են, որ 7 տիկնայք խորհրդանշում են չորս բնական առաքինությունները` խոհեմություն, ճշմարտացիություն, չափավորություն, կայունություն և երեք աստվածաբանական` հույս, հավատ, սեր։ Իսկ 3 պատանիները խորհրդանշում են հին հույների կողմից հոգու երեք վիճակների բաժանումը` գիտակցություն, ատելություն և կիրք։ Տիկնայք նաև յոթն են շաբաթվա օրերի թվով, մոլորակների և ազատ արվեստների։ «Միավորվելով նրանք կազմում են իդեալական հասարակություն, որը կառուցված է գիտակցության, առաքինության և գեղեցկության հիման վրա` համատեղելով ազատությունն ու կարգապահությունը և հակադրումը այն սոցիալական քաոսին, որը թագավորում է ժանտախտով վարակված արտաքին աշխարհում»[10]։

Ծառաներ` Պարմենո (Դիոնեոյի ծառան), Սիրիս (Պանֆիլոյի ծառան), Տինդարո, Միզիա (Պամպինեայի ծառան), Լիչիսկա (Ֆիլոմենայի ծառան), Կիմերա և Ստրատիլիա (Լաուրետտայի և Ֆիամետտայի ծառաները)։ Նրանց բոլորի անունները հունական ծագում ունեն և վերցված են անտիկ կատակերգություններից[10]։

Նովելների թեման խմբագրել

Բոկաչչոն ցույց է տվել իդելական հասարակություն. պատմությունների մեջ ի հայտ է գալիս իրական կյանքը բազմազան կողմերով։ Նովելների կերպարները պատկանում են հասարակության տարբեր խավերի։ Արձակի բնութագրիչ գիծը սիրո բարոյական կողմի ընդգծումն է։ Հիմնական թեմաներն են.

  1. Օրինակելի հերոսները (հիմնականում 6-րդ և 10-րդ օրվա նովելները), խելացի, սրամիտ, քաղաքավարի, առատաձեռն և սիրալիր
  2. Կրոնական թեմա, հազվադեպ, բայց հակակղերական նշմարումներով
  3. Սիրային պատմություններ, ամենատարածված, անպարկեշտ ու զվարճալի նովելներից մինչև ողբերգական
  4. Տարիք, հեղինակը ծաղրում է ծերերի հաշվենկատությունն ու կեղծավորությունը` գովելով երիտասարդների զգացմունքների անկեղծությունը
  5. Կանայք, այդ թվում նաև մայրերը
  6. Ծաղր ու հեգնանք (հիմնականում 7-րդ և 8-րդ օրվա նովելները)։

Գրքի պատմություն խմբագրել

«Դեկամերոնի» հին ձեռագրի էջ, 5-րդ օր, 9-րդ նովել, Ֆեդերիկո Ալբերտինին սիրում է, բայց սերը փոխադարձ չէ։ Նա ծախսում է իր ողջ ունեցվածքը, և իր մոտ մնում է միայն մի բազե, որին նա ընթրիքին մատուցում է իրեն հյուր եկած սիրելիին։ Իմանալով այդ մասին` կինը փոխում է իր զգացմունքները, ամուսնանում նրա հետ և նրան հարուստ մարդ է դարձնում։

Գրելու պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ գիրքը ստեղծվել է 1348-1351 թվականներին, մի մասը Նեապոլում, մի մասը Ֆլորենցիայում (ըստ այլ կարծիքի 1353-1354 թվականներին)։ Սակայն գրքի ստեղծման վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։ Հնարավոր է, որ նովելների մի մասը Բոկաչչոն ստեղծել է դեռևս 1348 թվականի ժանտախտից առաջ (որի ժամանակ մահացել են իր հայրն ու աղջիկը), որը ոգեշնչման աղբյուր և գրքի բազմազան սյուժեի իրադարձություն է հանդիսացել[11]։ Կա ենթադրություն, որ Բոկաչչոն գիրքը գրել է Նեապոլի թագուհի Ջովաննայի ցանկությամբ[12]։

Կա ենթադրություն, որ մի քանի նովելներ առանձին են գրվել և տարածվել։ Բացի այդ, «Չորրորդ օրվան» նախորդում է հեղինակի ներածությունը, որտեղ նա պատասխանում է գրքի քննադատություններին։ Դա ասում է այն մասին, որ հրատարակման ժամանակ առաջին երեք օրերը արդեն շրջանառվում էին ընթերցողների շրջանում։ Ավարտուն գրքի հրատարակումից հետո Բոկաչչոն երբեմն վերադարձել է տեքստին` արտագրելով և ուղղելով այն։ Ժամանակակից հրատարակությունների հիմնական աղբյուր է հանդիսանում Բոկաչչոյի 1370 թվականին գրված հեղինակային ձեռագիրը։ Այս ձեռագիրը մտնում է բեռլինյան Hamilton 1470 կոդեքսում։ Ձեռագրում բացակայում են միայն որոշ հատվածներ[11]։

Տարածում խմբագրել

Ինչպես գրում են հետազոտողները, սկզբնական շրջանում գիրքը ընթերցողի կողմից չընդունվեց այնպես, ինչպես նախատեսված էր։ Գիրքը կարդում էին միջնադարյան վաճառականները` նրա մեջ փնտրելով ցանկասիրություն, բայց այն անտարբեր մնաց Իտալիայի իտելեգենցիայի համար։ Սակայն 15-րդ դարում գիրքը թափանցեց նաև հասարակության այլ խավեր։ Ժամանակի ընթացքում «Դեկամերոնը» լայն տարածում գտավ և դարձավ բավականին հանրահայտ` հեղինակին պարգևելով եվրոպական ճանաչում։ Արագ հայտնվեցին նրա ձեռագրերի մեծ քանակներ (պահպանվել են ավելի քան 150 օրինակներ)։ Տպագրության գյուտից հետո գիրքը դարձավ ամենաշատ հրատարակվողներից մեկը (առաջին հրատարակությունը 1470 թվականին էր, ենթադրաբար Նեապոլում

Եկեղեցին քննադատեց «Դեկամերոնը» որպես անբարո և իր հեղինակությանը վնաս հասցնող ստեղծագործություն` պնդելով որ հեղինակը հրաժարվի այդ գործից։ Բոկաչչոն, տառապելով այդ ճնշումից, իր տատանումների մասին հայտնեց Պետրարկային, որը պատասխան նամակով հեռու պահեց նրան «Դեկամերոնը» այրելու որոշումից։ 1559 թվականին գիրքը մտցվեց արգելված գրքերի ինդեքսում, արդյունքում տարածվեց խոշոր կրճատումներով։

Բոկաչչոն ծեր հասակում էլ շարունակում էր ամաչել իր այդ ստեղծագործությունից։ 1372 թվականին նրա ընկեր Մագինարդո Կավալկանտին նրան նամակ է գրում, որտեղ ասում է այն մասին, որ պատրաստվում է իր հարազատներին տալ կարդալու Բոկաչչոյի ստեղծագործությունները, այդ թվում նաև «Դեկամերոնը»։ Ի պատասխան Բոկաչչոն համոզիչ կերպով խնդրում էր նրան չանել դա, քանի որ ինքը ի սրտե զղջում է, որ երբևէ, վերևից տրված հրամանով, գրել է այդպիսի անպարկեշտ գրքեր և չի ցանկանում, որ Կավալկանտի ընտանիքի տիկնայք իր մասին վատ կարծիք կազմեն[13]։

Ազդեցություն խմբագրել

Իր գրքում Բոկաչչոն ի մի է հավաքել ֆրանսիական պալատական գրականությունն ու տոսկանյան ժողովրդական արձակն ու ֆոլկլորը, որի շնորհիվ մեկ քայլ է կատարալ իտալական արձակի զարգացման գործում։

«Դեկամերոնը» մեծ ճանաչում գտավ Իտալիայում, որտեղ Բոկաչչոն և նրա ժանրն ունեցան ոչ քիչ հետևորդներ (Ֆրանկո Սակետտի, Մազուչչո և այլն)։ Պիետրո Բեմբոի ջանքերի շնորհիվ 16-րդ դարի սկզբին գիրքը դարձավ volgare արձակի էտալոն այնպես, ինչպես «Աստվածային կատակերգությունը» դարձել էր իտալական չափածոի էտալոն։ Արդեն 14-րդ դարում այն թարգմանվել էր ֆրանսերեն և անգլերեն։ Բակաչչոյի սյուժեներն սկսեցին օգտագործվել եվրոպական այլ երկրների գրականության մեջ։ Օգտագործողներից են եղել նաև Շեքսպիրը, Շառլ Պերոն, Կիտսը և այլն։

Ալեքսանդր Վեսելովսկին «Դեկամերոնն» ամբողջությամբ թարգմանել է ռուսերեն 1896 թվականին։ 1980 թվականին Նիկոլայ Լուկաշն այն թարգմանել է ուկրաիներեն։ Կա նաև Գրիսելդայի մասին նովելների ռուսերեն թարգմանութունը, որը կատարել է Բատյուշկովը[14]։

«Դեկամերոնն» արվեստում խմբագրել

Բոտիչելլի, Բոկաչչոյի «Դեկամերոն»` 2-րդ դրվագ

Գեղանկարչություն խմբագրել

Տեսողական մարմնավորում «Դեկամերոնն» ստացել է առաջին հերթին 15-16-րդ դարերի ֆրանկո-ֆլամանդական մանրանկարչության մեջ։ Բայց այս ստեղծագործությունը հանրաճանաչ էր նաև ավելի ուշ շրջանի այլ ժանրերում տարբեր վարպետների մոտ` սկսած Լուկա Սինյորելլիից վերջացրած Մարկ Շագալով։ Վերածննդյան Իտալիայում «Դեկամերոնի» սյուժեները օգտագործվում էին աչ միայն գեղանկարչության մեջ, այլև տարբեր արհեստներում` տարբեր իրերի (սունդուկ, հարսանեկան և ծննդյան սկուտեղներ, պաստառներ և այլն) զարդարման համար[15]։

  • Ամենավաղ շրջանի նկարազարդումները հեղինակային են։ Բոկաչչոն իր ձեռագրի լուսանցքներում երեք գույնով ուրվագծել է մի քանի կերպարների դիմանկարները։
  • Սանդրո Բոտիչելլին ստեղծել է չորս նկար-դիպվածների շարք` նկարազարդելով «Նաստաջիո դելի Օնեստիի պատմությունը» (V, 8)։
  • Կան նաև Բիդստրուպի կողմից նկարազարդված հրատարակություններ։
Ռուբենս «Չիմոնեն տեսնում է քնած Իֆիգենիային»

Նախընտրելի պատկերավորած թեմաներ.

  • Բնության գրկում նստած 10 պատմիչները շրջան կազմած (հիմնականում 19-րդ դարի նկարիչները` Ֆրանչեսկո Պոդեստի, Ջոն Ուոտերհաուս, Վինտերգալտեր)
  • Նովել Գիսմոնդի մասին (IV, 1), կերել է սիրեցյալի սիրտը։ Հիմնականում նրան պատկերում են սիրտը գավաթի մեջ (Վերածննդի նկարիչներ` Ֆրանչեսկա Ումբերտինի, Բերնարդինո Մեի, Վիլյամ Հոգարտ
  • Նովել Չիմոնեի մասին (V, 1), հանուն սիրո դադարել է անհարգալից լինել։ Սովորաբար պատկերվում է իր սիրած էակ Իֆիգենիային դիտելուց (հիմնականում գեղարվեստի դպրոց` Վերոնեզե, Պալմա Վեկյա, ինչպես նաև Ռուբենս, Աբրահամ Բլումարտ
  • Նովել ռեհանով թաղարի մասին (IV, 5), որի մեջ թաղված էր Իզաբելլայի սպանված սիրեցյալի գլուխը։
  • Նովել Գրիզելդայի մասին (Х, 10), հասարակ ժողովրդի աղջիկ, որը ամուսնացել էր ազնվականի հետ։ Հիմնականում հանդիպում է 15-րդ դարի ֆլորենտիական կահույքի ձևավորման մեջ, նաև Ջովանիի, Գոցոլլիի գեղանկարչության մեջ։

Կինո խմբագրել

  • Դեկամերոնի գիշերները, 1953 թվականի բրիտանական ֆիլմ 3 նովելների հիման վրա։
  • 1970 թվականին կինոռեժիսոր Պաոլո Պազոլինին էկրանավորել է «Դեկամերոնի» 7 նովելները։
  • 1993 թվականին անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Օլեգ Բելոուսովը ստեղծել է «Դեկամերոն» լիամետրաժ ֆիլմը։ 2006 թվականին վերջացրել է աշխատանքը լիամետրաժ ֆիլմի երկրորդ տարբերակի վրա։
  • Կույսերի տարածք (ֆիլմ, 2007), բրիտանական տարբերակ։
  • Մի քանի սիրային պատմություններ, ուկրաինական ֆիլմ, որը ներառում է 7-րդ օրվա երկրորդ նովելը։
  • Մոսկովյան դեկամերոն, ռուսական հեռուստաֆիլմ, 2011 թվական։
  • Դեկամերոն (ֆիլմ, 2015) (իտալ.՝ Maraviglioso Boccaccio - «Հրաշալի Բոկաչչոն»), Տավիանի եղբայրների ֆիլմը` մի քանի նովելների մոտիվներով։

Երաժշտություն խմբագրել

  • Ռուսական «Վինտաժ» խումբն իր երգացանկում ունի «Decamerone» ալբոմը, որը թողարկվել է 2014 թվականին։ Ալբոմում կա գլխավոր երգ` «Դեկամերոն»։ Երգի հեղինակն է Ալեքսեյ Ռոմանովը։ Երգը կատարում է խմբի մենակատար Աննա Պլետնյովան։

Նշումներ խմբագրել

  1. «Գալահադի հետ կապված խնդիրներից մեկն առարկելիորեն պահանջում է բացատրություններ, քանի որ Գավաթի որոնողներից մեկի խղճին մեղք կա, որը պետք է քավել։ Բանն այն է, որ իր «Միֆերի և մշակույթի ավանդույթների բառարան» շատ հետաքրքիր աշխատությունում Վլադիսլավ Կոպալինսկին պնդում է, որ Գալահադը կա նաև Դանթեի «Աստվածային կատակերգությունում» Գալեոտտո անվամբ։ Գալեոտտո (այսինքն՝ Գալահադ) իբր աջակցել է Լանսելոտի և Գվինևերիայի առաջին սիրավեպին։ (...) Բայց ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։ Ինչպես նշվում է «Վուլգատայում» մինչ Լանսելոտի և Գվինևերիայի ժամադրությունն ու Առաջին համբույրը գործը գլուխ է բերել ոչ էե Գալահադը, այլ Գալեհոտը (Galehaut, Galahaut), որը կոչվում էր նաև Հեռավոր Կղզիների Տիրակալ»[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Boccaccio, Giovanni; Decamerone - Prencipe Galeotto // Kindlers Literatur Lexikon — 2009.
  2. Novella prima // Il Decameron (իտալ.) / A. F. MasseraBari: Editori Laterza, 1927.
  3. 3,0 3,1 «Хлодовский - Джованни Боккаччо и новеллисты XIV в.». www.philology.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Хлодовский Р. И. «Декамерон»: великая книга о большой любви Արխիվացված 2015-09-28 Wayback Machine
  5. (А. Сапковский. Мир короля Артура)
  6. http://www.philology.ru/literature3/khlodovsky-85b.htm%7C(չաշխատող հղում)
  7. Веселовский А. Н., Художественные и этические задачи «Декамерона»
  8. 8,0 8,1 8,2 8,3 Смирнов. А. А. Джованни Боккаччо
  9. Хлодовский. Р. И. Джованни Боккаччо и новеллисты XIV века // История всемирной литературы. - Т. 3. - М., 1985. - С. 77-88
  10. 10,0 10,1 «Примечания к русскому изданию «Декамерона»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. 11,0 11,1 Боккаччо. Декамерон
  12. Тихонов. А. А. Боккаччо // ЖЗЛ. Гл. 3
  13. Тихонов. А. А. Боккаччо // ЖЗЛ. Гл. 5
  14. Батюшков. Гризельда. Повесть из Боккачьо
  15. Франческа Пеллегрини, Федерико Полетти. Литературные сюжеты и персонажи в произведениях изобразительного искусства. 2007. - С.55-75

Գրականություն խմբագրել

  • Бокаччо Дж. Декамерон / Перевод Н. Любимова; Вступ. ст. Ю. Уварова; Примеч. Н. Томашевского.. — М.: МП "ФИРМА АРТ", 1992. — 464 с. — 100 000 экз. — ISBN 2-86716-044-0
  • Бокаччо Дж. Декамерон / Пер. с итал. А.Н. Веселовского; Комм. А.П. Штейна.. — М.: Рипол классик, 2001. — 744 с. — 5000 экз. — ISBN 5-7905-0979-7

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեկամերոն» հոդվածին։