Բաքվի ջարդեր (1990)

Բաքվի ջարդեր. Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից 1990 թվականի հունվարի 13-19-ին կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ջարդերին զոհ է գնացել 48-300 մարդ։

Ջարդի ընթացքն ու հետևանքները խմբագրել

Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է. «...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։ Հակահայկական քարոզչությունը ծավալուն հոդվածներով տպագրվել է նաև մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում։ Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը։ Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988 թվականի դեկտեմբերի վերջին և 1989 թվականի հունվարի սկզբին։ 1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով) ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել են հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան։Նույնը կատարել են նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների)։

Ջարդերը շարունակվել են վեց օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն.Լեբեդը։ Զինված դիմադրական ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելելի գրոհայիններ. շատերը ձերբակալվել են։

1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո Բաքուն հայաթափվել է (շուրջ 250 հազար հայ) տեղահանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նարնց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են։

Միջազգային հանրության արձագանքը խմբագրել

Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները Բաքվի ջարդերի մասին գրել են վդովմունքով։ ԱՄՆ-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին։ 1990հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Արտաքին գործերի նախարարներ կոմիտեին և Եվրախորհրդին կոչ է արել՝ պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցուցաբերել։ Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Միխայիլ Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնել։

1990 թվականի մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ գլխավոր խորհրդի փակ նիստ՝ Բաքվում կատարված դեպքերի առնչությամբ։ Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և Բաքվի գործողությունները հետաքննելու համար։ Ի պատասխան հարցապնդման՝ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջարդերի այնպիսի մանրամասներ, որոնք մամուլում չեն լուսաբանվել։ Փոխադարձ համաձայնությամբ՝ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են մոռացության։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։