Բարեխառն գոտիներ

Բարեխառն գոտիներ, երկրագնդի աշխարհագրական երկու գոտիները՝ Հյուսիսային կիսագնդում հյուսիսային մերձարևադարձային և մերձարկտիկական (հյուսիսային լայնության 40°-65°), Հարավայինում՝ հարավային մերձարևադարձային և մերձանտարկտիկական (հարավային լայնության 42°-58°) գոտիների միջև։ Բարեխառն գոտիների տարածությունը մոտ 132 մլն կմ է (Հյուսիսային կիսագնդում 45%, Հարավային կիսագնդում 98% գրավում է օվկիանոսը)։ Բարեխառն գոտիներին հատուկ է ջերմային ռեժիմի և բնական պրոցեսների սեզոնայնությունը։ Բարեխառն գոտիների տարեկան գումարային ռադիացիան 70-80-ից 140-150 կկալ/սմ է, երկրի մակերևույթի ճառագայթային հաշվեկշիռը դրական է Հյուսիսային կիսագնդի օվկիանոսներում՝ 20-60 կկալ/սմ, ցամաքում՝ 20-40 կկալ/սմ, Հարավային կիսագնդում համապատասխանաբար՝ 30-60 և 30-40 կկալ/սմ։ Տրոպոսֆերայում ամբողջ տարին հիմնականում տիրապետող է օդային զանգվածների արևմտյան հոսքը և ցիկլոնային գործունեությունը։ Ցամաքի տարածքի այն մասերում, որտեղ ցիկլոնային գործունեությունը թույլ է արտահայտված, տեղումները քիչ են։ Տիրապետում են բարեխառն լայնությունների օդային զանգվածները, հաճախ ներխուժում են արկտիկական (Հարավային կիսագնդում՝ անտարկտիկական) և արևադարձային օդային զանգվածները՝ առաջացնելով եղանակի և օդի ջերմաստիճանների խիստ փոփոխություններ։ Հյուսիսային կիսագնդում ձմռանը՝ հունվարին, ցամաքում -50 °C-ից 6 °C է, օվկիանոսներում՝ -8 °C-ից 10 °C, հուլիսին համապատասխանաբար՝ 10-28 °C և 8-20 °C։ Հարավային կիսագնդում ձմռանը՝ հուլիսին, միջին ջերմաստիճանը 2 °C-ից 10 °C է, ամռանը՝հունվարին, համապատասխանաբար՝8 °C-ից 16 °C օվկիանոսների շրջանում, 20 °C՝ ցամաքում։ Բարեխառն գոտիների ցամաքային շրջաններում մեծ է մակերևութային հոսքը, որը պայմանավորում է մակերևույթի ինտենսիվ մասնատումը։ Հոսքի մեծությունը ներցամաքային շրջաններում պակասում է։ Որոշ տեղերում գերակշռում է ներքին հոսքը։ Բարեխառն գոտիների հողառաջացման պրոցեսն ընթանում է օրգանական նյութերի ակտիվ հանքայնացման և լվացման պայմաններում։ Լայն տարածում ունեն պոդզոլային հողերը։ Ավելի տաք շրջաններում կավահողեր են, չափավոր խոնավ շրջաններում՝ ճմակալված, իսկ չորային շրջաններում՝ աղուտային հողեր։ Կան նաև գորշ անտառային, շագանակագույն և սևահողեր։ Տիրապետող է անտառային բուսածածկույթը, ավելի քիչ՝ անտառատափաստանային, տափաստանային, կիսաանապատային և անապատային բուսական խմբավորումները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ։ Գերակշռում են անտառային կենդանիները։ Բարեխառն գոտիների օվկիանոսները հարուստ են պլանկտոնով և բենթոսով։ Հայկական ՍՍՀ գտնվում է Բարեխառն գոտիներում։ Այստեղ ձմռանը գերակշռում են բարեխառն լայնությունների, ամռանը՝ արևադարձային օդային զանգվածները։ Գերակշռում է ուղղաձիգ գոտիականության կիսաանապատային–ալպիական ասպեկտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 315