Անգորական ճագար

Անգորական ճագար, (թուրքերեն՝ Ankara tavşanı), տնային նապաստակի ամենահին տեսակներից է[1], բուծում են մորթու երկար մանրաթելերի համար։ Բուրդը հայտնի է որպես անգորայի բուրդ, որը հավաքում են կտրելու, սանրելու կամ փետրելու միջոցով։ Կա անգորայի նապաստակի առնվազն 11 ցեղատեսակ, որոնցից չորսը ներկայումս ճանաչված է Ճագարաբուծների ամերիկյան ասոցիացիայի կողմից (ARBA):

Անգորական ատլաս
Ֆրանսիական անգորական ճագար

Անգորական ճագարների մորթու արտադրության համաշխարհային առաջատարն է Չինաստանը (տարեկան արտադրում է մինչև 8 հազար տոննա բուրդ)։ Կյանքի տևողությունը կազմում է 7-10 տարի, կենդանիների մորթին օգտագործմանը պիտանի է դառնում յոթ ամսականից։

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Անգորական ճագարները հանդիսանում են ճագարների ամենահին ցեղատեսակներից մեկը։ Նրանց բուծումը սկիզբ է առել Թուրքիայում, կենդանիների անվանումը տրվել է Անկարա մայրաքաղաքի անունով, որը նախկինում Անգորա է կոչվել՝ համանման անգորական այծերի և կատուների նման։ Ֆրանսիայում այս կենդանիները հայտնվեցին 18-րդ դարի կեսերին, իսկ 19-րդ դարի սկզբին ճագարները տարածվեցին գրեթե ամբողջ մայրցամաքով։

Ի սկզբանե Եվրոպայում անգորական ճագարները ճանաչում ստացան որպես ազնվականության ընտանի կենդանիներ, այս ցեղատեսակի կիրառական բուծումը սկսվեց ավելի ուշ։

Ռուսաստանում անգորական ճագարները հայտնվել էին ավելի վաղ՝ 9-րդ դարում, ճիշտ է այն ժամանակ նրանք անվանվում էին «բևեռաղվեսյան ճագարներ», «անգորական ճագարներ» անվանումն ամրապնդվել է զգալիորեն ավելի ուշ։ Բացի այդ, ռուս գիտնականները քսաներրորդ դարի կեսերին բուծել են անգորական ճագարների աղվամազավոր տեսակներ, որոնք կարող էին ապրել սառը կլիմայական պայմաններում առանց ջեռուցման։

Գյուղատնտեսական նշանակություն խմբագրել

Անգլիական անգորական ճագար
Անգորական հսկա

Անգորայի բուրդը, որի համար ճագարաբույծները բազմացնում են ճագարներին, ստանում են կենդանիների մորթու խուզի, սանրման և փետման միջոցով։ Կան անգորական ճագարների բազմաթիվ տեսակներ, որոնցից առավել հայտնի են «Անգլիական» («English»), «Ֆրանսիական» («French»), «Գերմանական» («German»), «Հսկա» («Giant»), «Ատլաս» («Satin»): Ցեղատեսակների մեծ մասից բուրդը ստանում են սանրման և փետման միջոցով, ինչը գործընթացը դարձնում է բավականին աշխատատար և պահանջում է բացառապես ձեռքի աշխատանք, դրանով է բացատրվում անգորայի գործվածքի բարձր արժեքը։

Կախված տեսակից անգորական ճագարների քաշը կարող է տատանվել երկուսից մինչև վեց կիլոգրամ։ Կախված խնամքից, կյանքի միջին տևողությունը կազմում է 5-10 տարի։

Արտադրողականության տեսանկյունից ճագարների բրդի ստացման նպատակով առավել խելամիտ է պահել 5-ից մինչև 7 տարի։ Փակ տարածքներում ճագարներն ապրում են ավելի երկար, քան բաց երկնքի տակ։ Նրանց խնամքը զգալիորեն ավելի բարդ է, քան իրենց կարճաբուրդ եղբայրակիցներինը՝ նրանց բուրդն առնվազն շաբաթը երկու անգամ պահանջում է սանրում։ Մեծահասակ կենդանիների բրդի երկարությունը կազմում է 15-25 սանտիմետր։ Անգորական ճագարների քաշը 2-6 կիլոգրամ է, ինչը բավականին քիչ է մսի արտադրության տեսանկյունից։ Առավել բարձր մակարդակի է անգորայի բրդի արտադրությունը Չինաստանում, եվրոպական երկրների շարքում մորթատու ճագարների տեսակից բրդի արտադրության առաջատարներն են հանդիսանում Ֆրանսիան, Չեխիան, Լեհաստանը և Հունգարիան։

Անգորական ճագարներ ակտիվ են, աշխույժ։ Մի շարք երկրներում կան անգորական ճագարների ազգային ասոցիացիաներ, որոնք զբաղվում են դեկորատիվ տեսակների բուծմամբ և ցուցահանդեսների կազմակերպմամբ, օրինակ՝ «American Rabbit Breeders' Association»-ը։

Անգորական ճագարների տեսակներ խմբագրել

Անգորական ճագարների ցեղատեսակի խումբն իր մեջ ներառում է տասնյակից ավելի տեսակ, որոնցից առավել հայտնի են հետևյալ տեսակները.

  1. Անգլիական անգորական ճագար՝ կենդանիների քաշը մոտավորապես 3 կիլոգրամ, պահանջվում է նրանց սանրել երեք օրը մեկ։ Միայն քթի հատվածում չունեն երկար բուրդ։ Մեկ կենդանուց տարեկան կարելի է ստանալ մինչև 450 գրամ աղվամազ։
  2. Անգորական ատլաս (սատին)՝ կենդանիների քաշը 3-ից մինչև 5 կիլոգրամ է, ստացվող բրդի ծավալով այս ցեղատեսակն ունի նվազագույն արտադրողականությունը։ Հանրաճանաչություն է ստացել բրդի յուրահատուկ փափկության և ամրության համար։
  3. Սպիտակ աղվամազով ճագար՝ կենդանու քաշը մոտավորապես 4 կիլոգրամ է։ Մեկ կենդանուց տարեկան կարելի է ստանալ միջև 500 գրամ աղվամազ։
  4. Անգորական հսկա՝ կենդանիներն ունեն մինչև 6 կիլոգրամ քաշ, ինչի հաշվին էլ այս ցեղատեսակից ստանում են առավելագույն աղվամազ։
  5. Ֆրանսիական անգորական ճագար՝ կենդանիների քաշը մինչև 4,5 կիլոգրամ է։ Ցեղատեսակը տարբերվում է խնամքի անպահանջկոտությամբ, նրանց բուրդը գրեթե չի խճճվում, ինչը թույլ է տալիս հազվադեպ սանրել այս կենդանիներին։ Մեկ ճագարից կարելի է ստանալ տարեկան մինչև 550 գրամ աղվամազ։
  6. Գերմանական անգորական ճագար՝ քաշը մինչև 3,5 կիլոգրամ, այս ցեղատեսակի առանձնահատկությունը նրանում է, որ բուրդը կարելի է ստանալ խուզման եղանակով։ 2,5 ամիսը մեկ այս ցեղատեսակի ճագարներին կարելի է խուզել։ Այս ցեղատեսակի ճագարներից տարեկան կարել է ստանալ մինչև 1,5 կիլոգրամ աղվամազ։
  7. Գաճաճ անգորական ճագար՝ կենդանիների քաշը մինչև 2 կիլոգրամ է։ Այս ցեղատեսակի ճագարները տվյալ ցեղախմբի ամենափոքր ներկայացուցիչներն են, առավել տարածված են որպես դեկորատիվ ընտանի կենդանիներ։ Ցեղի շրջանակում կա (կախականջ ճագարի) տարատեսակը։

Խնամքի առանձնահատկություններ խմբագրել

Բոլոր ճագարների ցեղատեսակից առավել խստապահանջ խնամք է պահանջում անգորական ճագարը։

Անգորական ճագարի բուրդը հակված է թաղքուճվելու, այդ իսկ պատճառով նրանց պետք է պարբերաբար սանրել։ Նույնպես կարևոր է հետևել, որպեսզի ճագարները չուտեն իրենց բուրդը։ Որովհետև, ի տարբերություն կատուների, ճագարները չեն կարող փսխել բուրդը ստամոքսից, բրդի գնդիկները կարող են խցանել ԱՍՏ (աղիստամոքսային տրակտը) և նրանք կարող են սատկել։

Ցանկալի չէ թրջել անգորական ճագարի բուրդը, քանզի կենդանիները շուտ մրսում են, իսկ չորացնել երկար և խիտ մորթին շատ դժվար է։

Անգորական ճագարի սննդակարգում չի թուլատրվում փետրախոտի առկայությունը, քանի որ նրա սերմակոթը սուր է և բույսը կարող է վնասել կենդանուն։ Բացի այդ անգորական ճագարին չի կարելի կերակրել կաղամբով, քանի որ այն առաջացնում է գազեր, որը կարող է դառնալ կենդանու մահվան պատճառ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Whitman, Bob D. (October 2004). Domestic Rabbits & Their Histories: Breeds of the World. Leawood KS: Leathers Publishing. ISBN 978-1585972753.

Արտաքին հղումներ խմբագրել