Ալկոն կապտաթիթեռ

Ալկոն կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ԲաժինՄիջատներ
ԸնտանիքԿապտաթիթեռներ
ՏեսակԱլկոն կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Maculinea alcon


Ալկոն կապտաթիթեռ (լատին․՝ Maculinea alcon), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ խոշոր չափի թիթեռ է, որի արուի առջևի թևի երկարությունը 15-19 մմ է, իսկ էգինը՝ 13-18 մմ։ Արուն վերևից փայլատ մանուշակագույն է՝ արտաքին եզրի մգացումով, լայն արտահայտված դիսկալ և հետդիսկալ պտերի շարքով։ Թույլ արտահայտված դիսկալ պուտով էգը վերևից միատարր մուգ շագանակագույն է։ Դիսկալ և հետ դիսկալ սև պտերից կազմված լավ արտահայտված նախշով թևերի ստորին մակերեսը միատարր մուգ մոխրագույն է[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Կենտրոնական Սիբիրում, Փոքր Ասիայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում հայտնի է Շիրակի (Ջաջուռի լեռնանցք), Տավուշի (Դիլիջան և Իջևան քաղաքների շրջակայք, Աճարկուտ գյուղ), Սյունիքի (Քաջարան քաղաքի շրջակայք, գյուղ Շվանիձոր) մարզերից, Արագած լեռն հարավային լանջերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ծովի մակարդակից 1400-2300 մ բարձրությունների վրա, չոր մարգագետիններում, բացատներում, քարքարոտ տափաստաններում։

Տալիս են մեկ սերունդ՝ հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Էգը ձվադրում է Gentiana cruciata բույսի ծաղկաբույլերում։ Երկրորդ, երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են։ Ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին՝ ձմեռումից հետո ավարտում են սնվելը։ Հարսնյակավորվում են մրջնանոցում[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, իսկ թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոննեն են հողերի հերկումը, կետաբույսի ծաղկման շրջանում խոտհունձը, ինքնաթիռներով թունաքիմիկատներով անտառային տարածքների մշակումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.