Ալավերդի

քաղաք Հայաստանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալավերդի (այլ կիրառումներ)

Ալավերդի, քաղաք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում։

Քաղաք
Զինանշան
Coat of arms of Alaverdi.png

Alaverdi coll. 2012.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքԱլավերդի (համայնք)
ՀամայնքապետՍասուն Խեչումյան
Հիմնադրված է1899 թ.
Այլ անվանումներմինչև 1935Մանես
Տվյալ կարգավիճակում1938 թվականից
Մակերես18 կմ²
ԲԾՄ1000 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն13 000 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր, հույներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի,
Հույն ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունալավերդցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(253)
Պաշտոնական կայքalaverdi.am
##Ալավերդի (Հայաստան)
Red pog.png
##Ալավերդի (Լոռու մարզ)
Red pog.png

Հարուստ է պատմամշակութային բազմադարյա հուշարձաններով, որոնցից են Սանահինի վանքը, Սանահինի կամուրջը և այլն։ Ունի լեռնային տեղանք, որը ներկայացված է անտառապատ և ժայռակերտ լեռներով, սարահարթերով, խորը ձորերով, որտեղով հոսում է Դեբեդ գետը։

Քաղաքը տրանսպորտային կարևոր կապող հանգույց է հանդիսանում Մ 1 միջպետական ճանապարհին (Երևան-Թբիլիսի ավտոճանապարհ)։

Անվան ստուգաբանություն

Որոշ աղբյուրների համաձայն՝ Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Սակայն պատմական այս վայրը գտնվում է այժմյան Ալավերդի քաղաքից հյուսիս-արևելք՝ մոտ 10 կմ հեռավորության վրա։

Հիմք ընդունելով վրացի պատմաբան Լորդքիպանիձեի գրությունները, որը հիշել է երկրամասում 17-րդ դարի թուրք բորչալու ցեղի առաջնորդ Ալլահվերդի Մոլլա օղլի Թարխանի ունեցած դիրքի ու հեղինակության մասին՝ պատմաբան Կ. Կոզմոյանը գրել է.

 Հենց այդ քոչվոր ցեղապետի անունն է, որ, ցավոք, մինչ օրս կրում է Սովետական Հայաստանի գունավոր մետաղագործության կենտրոն, սոցիալիստական քաղաք Ալավերդին[1][2]։ 

Որոշ պատմական աղբյուրներ պնդում են, որ քաղաքը, որպես ավան, ձևավորվել է XIX դարի վերջերին, երբ 1899 թվականին մի ձուլարան կառուցվեց այսօրվա վայրում, որտեղ մինչ այդ գիհիների խիտ անտառ և Սանահին գյուղի մրգատու այգիներ էին։ Նոր կառուցված ձուլարանն առաջին արտադրանքը տվել է 1900 թվականի հունիսի 10-ին։ Արտադրամասից ոչ հեռու բանվորների համար կառուցեցին բարաքներ՝ կամաց-կամաց դնելով ապագա քաղաքի հիմքը։ Այս ամենի նախաձեռնող ֆրանսիացի ինժեներ «Մանես»-ի անունով էլ կոչվեց նոր բնակավայրը[3]։

Աշխարհագրություն

Քաղաքը տարածվում է Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում։

Կլիմա

Ալավերդու եղանակը հիմնականում խոնավ է, գարնանը և աշնանը հաճախակի են անձրևները և մառախուղը։

Ալավերդիի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին օրական °C (°F)−7.4
(18.7)
−5.5
(22.1)
−1
(30)
6
(43)
11.1
(52)
14.3
(57.7)
17.6
(63.7)
17.7
(63.9)
13.6
(56.5)
7.9
(46.2)
1.9
(35.4)
−3.9
(25)
6.1
(43)
Տեղումներ մմ (դյույմ)23
(0.91)
27
(1.06)
35
(1.38)
67
(2.64)
111
(4.37)
104
(4.09)
64
(2.52)
49
(1.93)
45
(1.77)
41
(1.61)
31
(1.22)
22
(0.87)
615
(24.21)
աղբյուր: alaverdi.am[4]

Պատմություն

Վաղնջական ժամանակներ

Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։ 1931 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ գտնված պղնձե և բրոնզե առարկաներ, այդ թվում՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, որոնցից ամենահինը պղնձե կտցավոր կացինն է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 3–րդ հազարամյակի երկրորդ կեսին, իսկ մյուսները՝ մ. թ. ա. XIII-X դարեր։

Վաղ միջնադարից ի վեր Ալավերդին եղել է Հարավային Կովկասի և, առհասարակ, ամբողջ Առաջավոր Ասիայի մետաղագործական կարևոր օջախ։

Միջնադար

Ժամանակակից Ալավերդու տարածքը հայտնի էր դեռևս Արտաշես Ա-ի ժամանակվանից (մ. թ. ա. 89 - 160), որպես Մեծ Հայքի թագավորության մի մասը Գուգարքի նահանգի Ձորոփար գավառում։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո այն անցել է Սասանյաններին։ Արաբական արշավանքների ժամանակ մինչև 9-րդ դարի վերջերը եղել է Արմինիա վարչական միավորի կազմում։

10-ից 11-րդ դարերում այդտեղ իշխել են Կյուրիկյանները։ 1118 թվականին այն Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը։ 12-ից 14-րդ դարերում եղել է Զաքարյան Հայաստանի կենտրոնական շրջաններից մեկը։

Պղնձահանքերի օգտագործման մասին տեղեկություններ են պահպանվել Կիրակոս Գանձակեցու և Վարդան Պատմիչի աշխատություններում։ Ալավերդին պատմական աղբյուրներում հիշատակվում է Մանես կամ Մանասգոմեր անուններով։

17-ից - 20-րդ դարեր

Օգտվելով հայերի պառակտումից և թուլությունից՝ վրաց Հերակլ II թագավորը պղնձի հանքերն օգտագործելու համար 1770 թվականին Պոնտոսից 800 հույն ընտանիք բերել և բնակեցրել է Ալավերդիում։ Նրանք 1763 թվականին կառուցեցին Ախթալայի արծաթագործական, 1770 թվականին՝ Ալավերդու և Շամչաղի պղնձաձուլական գործարանները, Մադան գյուղը։ Թագավորի շնորհած արտոնությունների դիմաց հույները պարտավոր էին նրան հանձնել ստացվող ոսկին։ Արխիվային նյութերում հանքագործները հիշատակվում են «արծաթաճորտ» անունով։

1795 թվականին Ալավերդին ասպատակել է Աղա-Մահմեդ խանը՝ ավերելով հանքերն ու գործարանները, կոտորելով ու գերելով շատ հանքագործների։

1801 թվականին Ալավերդին Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին։ Ալավերդու հանքերը և ձեռնարկությունները պայմանագրով հանձնվեցին հույն կապալառուներին։ 1880-ական թվականներին ուժեղանում է արտասահմանյան և ռուսական կապիտալի ներթափանցումը Հայաստանի և, մասնավորապես, Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ։

1887 թվականից գերիշխող դիրք է գրավում ֆրանսիական կապիտալը։ Ալավերդիում պղնձի արտադրության զարգացմանը խթանել է 1899 թվականին կառուցված Թիֆլիս–Ալեքսանդրապոլ (Գյումրի) երկաթուղին։

Ֆրանսիական ձեռնարկատերերի ջանքերով ծավալվել են հանքահետախուզական աշխատանքներ, բացվել նոր հանքահորեր, կառուցվել հզոր հնոցներ, հալոցքային վառարաններ, արհեստանոցներ, օժանդակ շինություններ։ Ալավերդիում պղնձի արտադրությունը դրվել է արդյունաբերական հիմքի վրա։ 1909 թվականին Դեբեդի վրա կառուցած ջրաէլեկտրակայանն սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել Ալավերդու ձեռնարկություններին։ Բնական հարստությունների և բանվորական ուժի շահագործմամբ հանդերձ այս միջոցառումները խթանել են պղնձի արտադրության արագ աճը՝ մեծ շահույթ բերելով ձեռնարկատերերին։ 1913 թվականին Հայաստանը տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի մեկ հինգերորդը, որի 67 % բաժին էր ընկնում Ալավերդու և նրա շրջակայքի ձեռնարկություններին։

Քաղաքաշինություն

1920-1930 թվականներին Ալավերդու բանվորական ավանն ընդգրկում էր միայն Մանեսը։ Արդյունաբերական զարգացմանը զուգընթաց աճելով՝ Ալավերդին աստիճանաբար իր շրջագծի մեջ է վերցրել Լենհանքերը, Սանահինը, համանուն երկաթուղային կայարանը՝ ավանով հանդերձ, Ակները։ Ալավերդու հատակագծման աշխատանքներն սկսվել են 1929-1930 թվականներին՝ ճարտարապետ Միքայել Մազմանյանի ղեկավարությամբ։ Այդ հատակագիծը վերահաստատվել է 1946 թվականին։

1959-1962 թվականներին ճարտարապետ Լևոն Չերքեզյանի գլխավորությամբ կազմվել է Սանահինի սարահարթի կառուցապատման նախագիծը։ Քաղաքը կառուցվել է բավականին բարդ ռելիեֆում, որին բնորոշ են տարբեր մակարդակի բարձրությունները՝ 750-1400 մ և ընդգծված թեքությունները՝ մինչև 35 աստիճան։

Հաղթահարվել են ռելիեֆով պայմանավորված կառուցապատման դժվարությունները. վերակառուցվել ու վերափոխվել է, դարձել բարեկարգ քաղաք, ստեղծվել են տրանսպորտային կապեր տարբեր բարձրությունների վրա գտնվող քաղաքի թաղամասերի միջև։ Դեբեդի ձախ ափին կառուցվել է քարակերտ բազմահարկ շենքերի բնակելի թաղամասը։ Նախագծվել և կառուցվել են բազմաթիվ հասարակական, արտադրական ու վարչական շենքեր։ Դեբեդ և Լալվար գետերի վրա կառուցվել են նոր կամուրջներ։ Սանահին Սարահարթում կառուցվել է երկու միկրոշրջան՝ 12 000 մարդու համար։ Կառուցվել էր Սարահարթը բուն քաղաքի հետ կապող խճուղի և ճոպանուղի։

Բնակչություն

Ալավերդի քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այդ են վկայում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու հուշարձանները։ Այստեղ մշտապես բնակություն են հաստատել հայեր, որոնք կազմում են քաղաքի բնակչության գերակշռող մասը։ Բնակվում են նաև հույներ, որոնք տեղափոխվել են Պոնտոսից 1770-ական թվականներին։ Քաղաքի բնակչությունն աճել է արդյունաբերության զարգացման, հետևաբար՝ քաղաքի զարգացմանը զուգընթաց։

Ալավերդու ազգաբնակչության փոփոխությունը 1831-2010 թվականների ժամանակահատվածում[5][6]


Կրթություն

Քաղաքում գործում է 6 մանկապարտեզ, որտեղ դաստիարակվում են 420 երեխա, 10 հանրակրթական դպրոց 2000 աշակերտով, արվեստի 3, այդ թվում՝ Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի, Ալավերդու մանկական արվեստի և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցներ ընդհանուր 60 աշակերտով, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն 15 սանով։

Կրթական համակարգի մաս են կազմում նաև Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղը, Ալավերդու պետական քոլեջը ավելի քան 100 ուսանողով և Ալավերդու արհեստագործական ուսումնարանը[7]։

Տնտեսություն

Հանքարդյունաբերություն

1934 թվականին շահագործման հանձնվեցին պղնձարջասպի, 1939 թվականին՝ ծծմբաթթվի, 1947 թվականին՝ սուպերֆոսֆատի գործարանները։ 1932 թվականին Ձորագետի հիղրոէլեկտրակայանի կառուցմամբ ընդլայնվեց Ալավերդու արդյունաբերության էներգետիկ հիմքը։ Երկրաբանական հետախուզությունների շնորհիվ հայտնաբերվեցին նոր հանքավայրեր։ 1945 թվականին պղնձարջասպի և ծծմբաթթվի գործարանների միացմամբ ստեղծվեց քիմիական գործարանը։ 1949 թվականին Ալավերդիում առաջին անգամ ստացվեց վայերբարսային պղինձ, որը որպես հումք օգտագործվում է հատկապես Երևանի կաբելի գործարանում։

1957 թվականին կազմակերպվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Ալավերդին մտավ Խորհրդային Միության գունավոր մետաղագործության և քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնների շարքը։ 1969 թվականին քաղաքի արդյունաբերական արտադրանքի մոտ 90 %–ը տվել են արտադրության այդ ճյուղերը։ ԽՍՀՄ–ում և արտասահմանյան տասնյակ երկրներում հայտնի էր Ալավերդու պղնձարջասպը։

Ալավերդիում զարգացել էր նաև թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Ստեղծվեցին հացի, պանրի, գարեջրի գործարաններ, տեքստիլ և կարի ֆաբրիկաներ, բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկություններ։

1972 թվականին Ալավերդու ձեռնարկությունների բանվորների թիվն անցնում էր 5 հազարից, աշխատում էին բարձրագույն կրթությամբ ավելի քան 500 մասնագետներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, գյուղատնտեսներ։ Ալավերդիում գործում է Երևանի լեռնա-մետալուրգիական ԳՀԻ-ի բաժանմունքը։

Զբոսաշրջություն

Ալավերդին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան զբոսաշրջային ճանապարհի խաչմերուկում և շրջապատված է բնապատմական հարուստ միջավայրով։ Այստեղ կարելի է տեսնել անտառապատ սարեր և ձորեր, քչքչան գետեր և լեռնային լճակներ։ Բնությունը հարուստ է վայրի մրգերով և հատապտուղներով։ Քաղաքին մոտ են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի Հաղպատի և 966 թվականի Սանահինի վանական համալիրները, VI դարի Օձունի եկեղեցին, 1171 թվականի Քոբայրի վանքը, 5-ից 6-րդ-րդ դարի Հոռոմայրը, 1233 թվականի Կայան բերդը, 12-րդ դարի Սանահինի կամուրջը, Ախթալայի 10-րդ դարի վանքն ու բերդը, Դսեղ գյուղն իր պատմական հուշարձաններով և թանգարաններով։

Տրանսպորտ

 
Ալավերդի կայարանի գլխավոր շենքը

Ալավերդի քաղաքի ներքին և արտաքին տրանսպորտային համակարգը հիմնականում հարմարեցված է զբոսաշրջային ճանապարհներին։ Գործում է Երևան–Ալավերդի, Վանաձոր–Ալավերդի միկրոավտոբուսային ուղղությունները։ Վրաստանից Ալավերդի կարելի է հասնել Երևան–Թբիլիսի միկրոավտոբուսներով։ Ավտոբուսային ցանց է գործում նաև հարակից բնակավայրերի, այդ թվում՝ Հաղպատ, Սանահին, Օձուն գյուղերի, ինչպես նաև Ախթալա քաղաքի հետ տրանսպորտային կապը ապահովելու համար։ Օրվա ցանկացած ժամի աշխատում են տաքսիները, որոնք այցելուներին կհասցնեն վերը նշված յուրաքանչյուր զբոսաշրջային օբյեկտ։ Ալավերդիով է անցնում նաև Երևան–Թբիլիսի երկաթուղին, որը կանգառ է կատարում Սանահին կայարանում։

Մշակույթ և հանրային կյանք

Թատրոն

  • Ալավերդու թատրոնը հիմնադրվել է 1934 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Արմենյանի ղեկավարությամբ, որը գործել է մինչև 1952 թվականը։ 1953 թվականին թատրոնի փակվելուց հետո Ալավերդում մնացած դերասանները ստեղծում են ինքնագործ թատերախումբ, որը 1959 թվականին ստանում է ժողովրդական թատրոնի կոչում։ Այդ ժողովրդական թատրոնի բազայի վրա 1990 թվականին ստեղծվում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Ալավերդու մասնաճյուղը, որը 1993 թվականց դառնում է համայնքային թատրոն և մինչև այժմ գործում է որպես Ալավերդու քաղաքային թատրոն։

Հեռուստատեսություն և մեդիա

1932 թվականինց Ալավերդում հրատարակվել է «Պղնձի ֆրոնտում» թերթը, որը պիտի նպաստեր Խորհդրային կառավարության կողմից ալավերդցի պղնձագործներին տրված 6000 տոննա պղինձ ձուլելու առաջադրանքի կատարամանը։ Թերթը հետագայում վերանվանվեց «Լոռի», ներկայումս շարունակվում է տպագրվել «Թումանյանական աշխարհ» անվանումով։ 1959 1989 թվականներին տպագրվել է «Ձուլող» թերթը, 1950-ական թվականներից մինչև 1990-ականների կեսերը գործել է Ալավերդու ռադիոխմբագրությունը, որը լուրեր է հեռարձակել Պետական ռադիոյի եթերացանցով։ Տարբեր տարիների հրատարակվել են «Երկրապահ», «Դեբեդ», «Վերնատուն», «Գրական Լոռի» և այլ պարբերականներ։ 1998 թվականից Ալավերդի քաղաքում և հարակից 10 բնակավայրերում հեռարձակվում է «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը։

Անվանի մարդիկ

Քույր քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Կ. Կոզմոյան, «Ալավերդի», Երևան, 1996, էջ 140
  2. «Ալավերդի տեղանունը պետք է ջնջել սերունդների հիշողությունից»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին։ Վերցված է 2021 թ․ հունվարի 20 
  3. [М. А. Цатурян, В. А. Мелконян “Алавердскому меднохимическому комбинату 200 лет”, Ереван, 1971]
  4. «Արխիվացված պատճենը»։ alaverdi.am։ Արխիվացված է Alaverdi, Armenia օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 26 
  5. ՀՀ 2001թ.–ի մարդահամարի ընտրանքային տվյալներ
  6. ՀՀ բնակչության թվաքանակը ըստ ՀՀ ԱՎԾ–ի
  7. «Ալավերդու կրթական համակարգի ընդհանուր նկարագիրը»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26 
  8. «Ալավերդու քույր քաղաքները՝ Ռենտի»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26 
  9. «Ալավերդու քույր քաղաքները՝ Քոբուլեթի»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26 
  10. «Ալավերդու քույր քաղաքները՝ Դաուգավպիլս»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26 
  11. «Ալավերդու քույր քաղաքները՝ Պոլոցկ»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 139