Ազատ ոտանավոր

Ազատ ոտանավոր, Վերլիբռ (ֆրանսերեն՝ vers libre՝ ազատ ոտանավոր), տաղաչափական համակարգերից մեկը։

Տաղաչափական այս համակարգը կիրառվել է դեռևս 19-րդ դարից՝ հետագայում ծավալվելով և մեծացնելով իր ազդեցության շրջանակները։ Տաղաչափական այս ձևի նախօրինակները կան հին և միջնադարյան գրականության մեջ, ինչպես Աստվածաշնչի «Երգ երգոցը», Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը» և այլն։Ի տարբերություն ոտանավորի մյուս տեսակների (վանկական, վանկաշեշտական, համաշեշտ)՝ ազատ ոտանավորի մեջ չկան ո՛չ վանկերի և շեշտերի թվի հավասարություն, ո՛չ էլ շեշտերի կանոնավոր դասավորություն։ Չկան բանաստեղծական ոտքեր ու անդամներ, ինչպես նաև տների կայուն, պարբերաբար կրկնվող կառուցվածք։ Հաճախ բացակայում են նաև տողերի համահունչ վերջավորությունը (հանգ)։ Այսպիսով, ազատ ոտանավորը զգալի չափով մոտենում է արձակին։

Սակայն ազատ ոտանավորն ունի ռիթմի իր սկզբունքները, որով տարբերվում է արձակից։ Դա առաջին հերթին տողերի շարահուսական-արտասանական ինքնուրույնությունն է։ Յուրաքանչյուր բանատող համեմատաբար ավարտուն և շարահյուսական և իմաստային միավոր է՝ ամբողջական նախադասություն, բառակապակցություն, միտք կամ պատկեր։ Տողն արտասանվում է մի շնչով և համեմատաբար մեծ դադարով առանձնացվում է հաջորդ տողից։ Դրանով էլ տողերը «հավասար» են դառնում, և նրանց միջև յուրօրինակ ռիթմ է առաջանում։ Յուրաքանչյուր տողի շարահյուսական և արտասանական ընգծված ինքնուրույնությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ այստեղ չի կիրառվում այնպիսի մի յուրահատուկ տաղաչափական միջոց, որպիսին է տողանցը՝ իմաստով սերտորեն կապված բառերի բաժանումը հարևան տողերի միջև։ Ազատ ոտանավորի տողը կարող է շարունակվել այնքան, ինչքան անհրաժեշտ է տվյալ իմաստային միավորը տեղավորելու համար։ Այս հանգամանքը նկատել և շեշտել է նաև Մանուկ Աբեղյանը. «Տողի ամբողջականությունն ազատ ոտանավորների հիմնական պայմանն է, տողանց չի թույլատրվում ազատ ոտանավորների մեջ»[1]։

Ազատ ոտանավորի մեջ հաճախ երկար տողի կողքին կարող է հանդես գալ նաև կարճ, նույնիսկ մեկ բառից կազմված տողեր։ Դրանով ընդգծվում է հատկապես կարևոր իմաստ արտահայտող բառերի արտասանական ինքնուրույնությունը[2]։ Վալերի Բրյուսովը, ով խորհրդային գրականության մեջ առաջինն է գործածել «ազատ ոտանավոր» եզրույթը, իր «Բանաստեղծության մասին գիտություն» աշխատության մեջ փորձել է բնութագրել տաղաչափական այս համակարգը հետևյալ կերպ. «Ազատ են կոչվում բանաստեղծական այն չափերը, որոնք կազմվում են կամայական տողերից կամայական քանակությամբ»[3] Յու. Բ. Օրլիցկին «Ռուսական ազատ ոտանավորի բնույթի մասին» հոդվածում[4] վերլիբռի հիմնական առանձնահատկությունը համարում է ավանդական հիմնական կառույցներից հրաժարումը, որով էլ տաղաչափական այս համակարգը տարբերվում է մյուսներից։ Ըստ նրա՝ հենց այս հանգամանքի վրա պետք է հիմնվել ճիշտ ընկալելու համար վերլիբռի յուրահատկությունը։

Հայ գրականության մեջ ազատ ոտանավորի ամենամեծ վարպետը Սիամանթոն է.

Հոգիս ա՛ն է որ բյուրավոր անգամ ձեր ամենուն ցավն ապրեցավ,
Ա՛ն է որ անդունդի մը մեջ՝ իր մոխրի վրա ծնրադիր՝
Հարազատ ուշղթայակապ քույրերու աքսորը կուլա...
Հոգիս այն վա՛յրն է, ուրկե արյունառուշտ լուսին մը բարձրացավ
Անմեղներու կոտորածեն ծովացյալ դաշտի մը վրա...

Ազատ ոտանավոր կիրառած բանաստեղծներ խմբագրել

Հայ բանաստեղծներ խմբագրել

Այլազգի բանաստեղծներ խմբագրել

Ազատ ոտանավորով ժող. բանահույսական ստեղծագործություններ խմբագրել

Տես նաև՝ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ե, Երևան, 1971, էջ 297
  2. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 5-7.
  3. Русское стихосложение, Традиции и проблемы развития, М., 1985, с. 309:
  4. ՝ Ю. Б. Орлицкий, О природе русского свабодного стиха, в кн. Русское стихосложение, Традиции и проблемы развития, М., 1985, с. 314:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 96