ՀԽՍՀ պետական մրցանակ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական մրցանակ, որը շնորհվել է երկու տարին մեկ անգամ[1]։

ՀԽՍՀ պետական մրցանակ
Տեսակպարգև
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրվել էնոյեմբերի 18, 1969

Պատմություն խմբագրել

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում, որի կազմում էր ՀԽՍՀ-ն ամենամյա պետական մրցանակ է սահմանել 1966 թվականից, որը սահմանվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից[2]։ ԽՍՀՄ Պետական մրցանակը համարվել է 1941-1954 թվականներին շնորհվող Ստալինյան մրցանակի իրավահաջորդը և քաղաքական նկատառումներից ելնելով, նույնպես համարվել է «պետական»։

ՀԽՍՀ պետական մրցանակներ սահմանվել են ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ։ Պետական մրցանակը հանձնել է ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը[3]։ Գիտության և տեխնիկայի բնագավառում պետական մրցանակների կանոնադրությունը հաստատվել է 1969 թվականի նոյեմբերի 18-ին, գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներինը՝ 1974 թվականի սեպտեմբերի 9-ին, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների դասագրքերի համար՝ 1972 թվականի փետրվարի 9-ին, սոցիալիստական մրցության առաջավորների համար՝ 1977 թվականի օգոստոսի 8-ին։ ՀԽՍՀ պետական մրցանակների արժանացածներին շնորհվել է «Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր» կոչումը, հանձնվել է դիպլոմ և պատվո նշան, որի վրա նշված է եղել շնորհման տարեթիվը։ ՀԽՍՀ պետական մրցանակները շնորհվել են երկու տարին մեկ անգամ, մինչև 9 մրցանակ գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում, մինչև 16 մրցանակ (8-ը՝ բանվորների, 8-ը կոլտնտեսության առաջավորների համար) սոցիալիստական մրցության բնագավառում, մինչև 2 մրցանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների դասագրքերի համար։ Յուրաքանչյուր մրցանակի չափը 2500 ռուբլի էր։ ՀԽՍՀ–ում, որպես կանոն, նույն անձին երկրորդ անգամ պետական մրցանակ չի շնորհվել։ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը ՀԽՍՀ պետական մրցանակների շնորհման մասին հրապարակվում էր մամուլում՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տարեդարձի օրը[1]։

Կրկնակի դափնեկիրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Պետական մրցանակներ, Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐՈԻԹՅՈԻՆ. 1983. էջեր 246–247.
  2. Постановление ЦК КПСС и Совета Министров СССР от 9 сентября 1966 года № 739 «О Ленинских и Государственных премиях СССР в области науки и техники, литературы и искусства»
  3. «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմանադրություն (Հիմնական օրեն), հոդված 106». www.irtek.am. ԻՐՏԵԿ.
  4. «Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 440».